Գլխավոր Միջոցառումներ Կմշակվի ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման ազգային պլան

Կմշակվի ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման ազգային պլան

2225
Տարածել

Եվրոպական հանձնաժողովի եւ Միավորված ազգերի կազմակերպության հանցավորության եւ արդարադատության հարցերի գիտահետազոտական միջտարածաշրջանային ինստիտուտի (The United Nations Interregional Crime and Justice Research Institute՝ UNICRI) համատեղ նախաձեռնությամբ, հունվարի 26-ին եւ 27-ին, Երեւանում անցկացվում է Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոններ» նախաձեռնության Հայաստանի ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման ազգային թիմի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են UNICRI-ի տարածաշրջանային համակարգող Տալգատ Տոլուբաեւը, տեղացի եւ օտարերկրյա այլ փորձագետներ, ակդ թվում՝ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ Վալերի Բագիյանը: Վալերի Բագիյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության քիմիական, ճառագայթային, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետը ու այս ծրագրում ներգրավված է առաջին օրվանից: Վալերի Բագիյանը կխոսի կենսաբանական ռիսկերից: Նրա զեկույցի թեման է՝ «Կենսաբանական ռիսկի նվազեցման կապված գործողություններ»: Ճառագայթային ռիսկերը կներկայացնի ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, քիմիական ռիսկերը՝ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը:

Հավաքում նախ ամփոփվելու է 2017 թվականից մինչ օրս քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքը, մշակվելու է ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման տարածաշրջանային պլան-մոդել, որի հիման վրա էլ ծրագրի մասնակից երկրները մշակելու են ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման ազգային պլաններ: Պլաններում պետք է ներառված լինեն հետեւյալ հարցերը. շահագրգիռ բոլոր կողմերին ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման ազգային ծրագրում ներգրավվելու ուղիները, ոլորտին վերաբերող միջազգային փաստաթղթերի պահանջների իրագործման վիճակը, ՔԿՃՄ ռիսկերին վերաբերող առաջնահերթությունների վերանայում-թարմացում:

2017 թվականից մինչ օրս Հայաստանում մի շարք ուղղություններով են գործողություններ իրականացվել: Մասնավորաբար.

· Մեր մասնագետները վերապատրաստվել են ԱՄՆ Կանզասի նահանգի Ազգային գվարդիայի ճգնաժամային կենտրոնում եւ Կանզասի համալսարանի կենսաանվտանգության կենտրոնում, Ուկրաինայի Օդեսա քաղաքի Ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտում, Վրաստանում, Իտալիայում, Սլովակիայում

· Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում անցկացվել են «Կենսաբանական աղտոտված տարածքներ եւ նմուշառում» թեմայով դասընթացներ, որոնց մասնակցել են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների աշխատակիցները,

· Հրատարակվել է «Կենսաբանական ռիսկերի կառավարում եւ արձագանքում» ձեռնարկը: Հայերեն են թարգմանվել ՔԿՃՄ ռիսկերի վերաբերյալ մի շարք գրքեր,

· ԱԻՆ ՃԿՊԱ-ում ստեղծվել է կենսաանվտանգության դասասենյակ,

· Անցկացվել է ՔԿՃՄ ռիսկերի թեմայով հայ-վրացական դաշտային վարժանք,

· ՔԿՃՄ արձագանքման խմբեր են ստեղծվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջեւանում,

· Տեխնիկապես համալրվել են ԱԻՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը եւ այլն:

Վալերի Բագիյանի կարծիքով, ՔԿՃՄ ռիսկերի նվազեցման Հայաստանի ազգային պլանի առաջնահերթությունները պետք է լինեն. բնակչության կենսաանվտանգության մակարդակի բարձրացումը, սննդի վերահսկման մակարդակի բարելավումը, կենդանիներից մարդուն փոխանցվող վարակների բռնկումների կանխարգելումը, կենսաբանական ռիսկերի կառավարման մեջ ներգրավված պետական մարմինների միջեւ համագործակցության ընդլայնումը, տարբեր հիվանդությունների վերաբերյալ կենսաբանական միջգերատեսչական վարժանքների անցկացումը, Հայաստանում լաբորատոր ազգային ցանցի ընդլայնումը, քիմիական թունավորումների վերահսկման համակարգի մշակումը, թունավորումների կենտրոնի ստեղծումը, կենսաբանական հանցագործության վայրի կառավարման կարողությունների զարգացումը եւ կենսաբանական նմուշառման կանոնների ստանդարտացումը եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոններ» նախաձեռնության մասին կարդացեք.

Կենսաբանական անվտանգություն

Հայ-վրացական դաշտային վարժանք

ՔԿՃՄ ռիսկերին արձագանքման կարողությունների զարգացում

Վերապատրաստում ՔԿՃՄ թեմայով

Կձեւավորվեն ՔԿՃՄ արձագանքման խմբեր