Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ռումբի տեղադրման մասին երկու կեղծ ահազանգ

Ռումբի տեղադրման մասին երկու կեղծ ահազանգ

396
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ 278 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 69 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 104 կենցաղային կանչ են ստացել, որից 70-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Դավիթաշեն, Նոր նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Շենգավիթ վարչական շրջանների եւ Կոտայքի ու Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 22 մեքենա (58 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Հունվարի 25-ին եւ 26-ին Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված: Երկու դեպքում էլ փրկարարները սահմանազատել են տարածքը եւ ոստիկանների եւ զինվորականների օգնությամբ հետախուզել: Ռումբ չի հայտնաբերվել։

Իսկ Սյունիքում համանման ահազանգը իրական էր: Փրկարարներն ահազանգ են ստացել, որ Կարմրաքար գյուղի տներից մեկի պատի մեջ երկու ական է հայտնաբերվել: Պարզվել է, որ դրանք նռնականետի արկեր են: Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ զինամթերքը փոխանցել դեպքի վայր ժամանած ոստիկաններին: