Գլխավոր Վերլուծություն Ամենաշատ կանչեր եղել են Սյունիքում. Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

Ամենաշատ կանչեր եղել են Սյունիքում. Փրկարարական հենակետերն ամփոփում են շաբաթը

2297
Տարածել

Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մարզերում տեղակայված առաջին օգնության փրկարարական հենակետերը տասնյակ դեպքերի են արձագանքել։

Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 161-րդ կիլոմետրում գտնվող հենակետի փրկարարները կատարել են 6 ելք, որոնցից 4-ը՝ արգելափակման վերաբերյալ։ Դուրս է բերվել 6 մեքենա։ Մեքենայի անսարքության հարցում քաղաքացուն օգնելու անհրաժեշտություն է առաջացել, փրկարարներն ուղեւորներին ուղեկցել են հենակետ՝ ցրտից պատսպարվելու համար։ Գրանցվել է մեկ ճանապարհատրանսպորտային պատահար, երկու մեքենա դուրս են բերվել երթեւեկելի գոտի։ Ընդհանուր առմամբ՝ հենակետում հանգրվանել է չորս քաղաքացի։

Շիրակի մարզի Վարդաղբյուրի հենակետը չորս դեպք է ունեցել, օգնություն է ցուցաբերվել 19 քաղաքացու, նրանց թվում եղել է 9 կին ու 2 երեխա։ Վերջիններս տեղափոխվել են ջեռուցման համակարգով եւ կացության համար անհրաժեշտ պայմաններ ունեցող փրկարարական մեքենա։

Արագածոտնի մարզի Քուչակի հենակետը 12 ահազանգ է ստացել, արգելափակումից դուրս է բերվել 14 մեքենա՝ 35 ուղեւորով։

Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցք տանող ճանապարհին ծավալված հենակետի փրկարարները 7 ելք են կատարել, արգելափակումից դուրս է բերվել մոտ 10 մեքենա։ Անսարք վիճակում գտնվող մեքենաներից մեկի ուղեւորները տեղափոխվել են հենակետ մինչեւ խնդրի լուծվելը։

Սյունիքի մարզի Աղվանիի հենակետը արգելափակումից դուրս է բերել 56, Վերին Խոտանանի հենակետը՝ 99, Շինուհայրի (Տաթեւ գյուղի խաչմերուկ) հենակետը՝ 22 մեքենա։ Հենակետերն արձագանքել են նաեւ ՃՏՊ-ների վերաբերյալ կանչերի։ Վերին Խոտանանում պատահարից տուժել է երեք հոգի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Տաթեւի խաչմերուկում օգնություն է ցուցաբերվել 4 մեքենայի։

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արմեն Ավագյանի խոսքով՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո արդեն մեկ տարուց ավելի գործում է Շուռնուխի հենակետը, որում հերթապահում են Գորիսի հրշեջ-փրկարարները։ Քաղաքական վերջին զարգացումներից հետո, երբ Որոտան, Բարձրավան եւ Շուռնուխ գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ, փրկարարներն այլընտրանքային ճանապարհով ամեն օր սնունդ եւ դեղորայք են հասցնում քաղաքացիներին։

Շաբաթվա ընթացքում Շուռնուխի հենակետը մեկ դեպք է սպասարկել՝ արգելափակումից դուրս է բերվել երկու մեքենա։ Բացի դրանից՝ օգնություն է ցուցաբերվել վատառողջ երեխայի, որին տեղափոխել են Շուռնուխ գյուղ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները