Գլխավոր Վերլուծություն Ալեքսանդր Քեմուրջյան. Մեկ ռոբոտով 1000 կյանք փրկած գիտնական

Ալեքսանդր Քեմուրջյան. Մեկ ռոբոտով 1000 կյանք փրկած գիտնական

181
Տարածել

1986 թվականի ապրիլի 26-ին, երբ տեղի ունեցավ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը, աշխարհում չկային փրկարարական ծառայություններ, հեռակառավարվող (անօդաչու) սարքերի առատություն եւ ռադիացիայի մահացու մակարդակով աղետի գոտում աշխատում էին սովորական հրշեջներն ու բանակը:

Խորհրդային միության ղեկավարությունը, հասկանում էր, որ մարդուն ճառագայթված տարածք ուղարկելով, դատռապարտում ես մահվան ու մարդկային ռեսուրսի օգտագործմանը զուգահեռ, աշխատում էր ավտոմատ համակարգեր, ռոբոտներ մշակելու եւ կիրառելու ուղղությամբ:

Առաջին գիտնականը, ում դիմեց երկրի ղեկավարությունը, Տրապիզոնից Վլադիկավկազ գաղթած հայկական ընտանիքում 1921 թվականին ծնված Ալեքսանդր Լեւոնի Քեմուրջյանն էր, ով այդ պահին արդեն տեխնիկական գիտությունների դոկտոր էր:

Չեռնոբիլի վթարի գոտում աշխատելու էին գործուղվել տարբեր գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտների 15 փորձագիտական խումբ, ստեղծվեցին КЛИН-1, МОБОТ-Ч-ВХ եւ Քեմուրջյանի СТР-1 (специализированный транспортный робот) ռոբոտները: Բոլորն էին գիտակցում, որ անգամ ռոբոտը չի կարող երկար աշխատել ճառագայթված տարածքում: Քեմուրջյանի СТР-1 ռոբոտը գերազանցեց բոլոր սպասելիքները: СТР-1 ռոբոտը բուլդոզեր էր, որ ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի տանիքից մաքրում-հեռացնում էր ճառագայթված-ախտահարված փլատակները: Ռոբոտն ուներ տեսախցիկ եւ ողջ տեղի ունեցողը տեսակապով հասանելի էր մեքենան կառավարող օպերատորին: СТР-1 ռոբոտը միակն հեռակառավարվող սարքն էր, որ աշխատանքների կեսից շարքից դուրս չեկավ: Այս ռոբոտը հեռացրել է ավելի քան 90 տոննա աղբ: Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման շտաբի հաշվարկով, Ալեքսանդր Քեմուրջյանի ռոբոտը փոխարինել է 1000 զինծառայողի, որ պիտի աշխատեին ճառագայթման մահացու մակարդակ ունեցող տարածքում:

Ալեքսանդր Լեւոնի Քեմուրջյանը խորհրդային տիեզերական մեքենաշինության հիմնադիրն է: Հենց Քեմուրջյանի նախագծած «Լուսնագնաց-1» («Луноход-1») սարքն է աշխարհում առաջին հեռակառավարվող (անօդաչու) ապարատը, որ 1970 թվականի նոյեմբերի 10-ին իջեցվել է Լուսնի վրա:

Քեմուրջյանի վաստակը գնահատել է ոչ միայն Խորհրդային միությունը, այլ՝ շատ այլ երկրներ նույնպես:

  • Միացյալ թագավորությունում հրատարակված «20-րդ տարի նշանավոր մարդիկ» գրքում ներկայացված է նաեւ Քեմուրջյանը:
  • 1997 թվականին, միջազգային աստղագիտական միության որոշմամբ Ալեքսանդր Լեոնի Քեմուրջյանի անունով է կոչվել Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը:
  • 2006 թվականին Տիեզերագնացության Ֆեդերացիան սահմանել է Քեմուրջյանի անվան մեդալ:
  • Խորհրդային միությունում 1971 թվականին շրջանառության մեջ են դրվել եւ մարվել են Քեմուրջյանի ստեղծած լուսնագնացի նկարով նամականիշներ:
  • 2020 թվականին Ռուսաստանում է շրջանառության մեջ դրվել եւ մարվել նույն թեմայով նամականիշ:
  • 2021 թվականին Հայաստանում է շրջանառության մեջ դրվել եւ մարվել «Ալեքսանդր Քեմուրջյան-100» նամականիշ:
  • Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որտեղ 1959 թվականից մինչեւ երկրային կյանքի ավարտը՝ 2003 թվականը, ապրել եւ աշխատել է Քեմուրջյանը, գործում է Ալեքսանդր Քեմուրջյանի անվան գիտա-տեխնիկական կենտրոն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ Հայաստանում շրջանառության մեջ դրված «Ալեքսանդր Քեմուրջյան-100» նամականիշը