Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՔԿՃՄ թեմայով

Վերապատրաստում ՔԿՃՄ թեմայով

3547
Տարածել

Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոններ» ծրագրով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հունիսի 25-27-ը անցկացվում է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցների վերապատրաստում՝ «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային վարակված տարածքում աշխատելու կարողությունների հզորացում» թեմայով: Դասընթացին մասնակցում է 10 քրեագետ, 10 փրկարար, առողջապահության, բնապահպանության նախարարությունների, Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

Դասընթացը վարում է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության քիմիական, ճառագայթային, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը:

Նրա խոսքով, դասընթացի ժամանակ ներկայացվելու են սովորական պայմաններում եւ վարակված տարածքում աշխատելու առանձնահատկությունները: Օրինակ. վարակված տարածք առաջինը մտնում են փրկարարներն ու նրանց հետ համագործակցությունը կարեւորվում է: Կամ՝ ի տարբերություն սովորական պայմանների, վարակված տարածքում աշխատում ես հատուկ պաշտպանիչ միջոցներով, ինչը էապես նվազեցնում է աշխատաժամանակը:

Տեղեկանք

Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոններ» ծրագիրն իրականացվում է 9 երկրում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Սերբիա, Մակեդոնիա, Բոսնիա-Հերցոգովինա, Խորվաթիա): Ծրագրով նախատեսված է արձագանքման ուժերի ստեղծում, կարողությունների զարգացում, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային ռիսկերին արձագանքման վերաբերյալ դասընթացների կազմակերպում: Ծրագրին մասնակից երկրները արձագանքման խմբերի համար գույք են ստացել: Հայաստանը՝ 230 հազար եվրոյի. անհատական պաշտպանության միջոցներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային ազդակների հայտնաբերման սարքեր եւ այլն: Դրսից եկած փորձագետների օգնությամբ՝ Հայսատանում ու նաեւ այլ երկրներում վերապատրաստվել են ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծայառողներ, Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում ստեղծվել են քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր, որոնք աշխատում են սահմանային անցակետերում: Հայաստանում անցկացվել են շտաբային եւ դաշտային վարժանքներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ