Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի հայտնաբերման 29 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 29 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2118
Տարածել

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 702 զանգ:

Շաբաթվա ընթացքում հրդեհի մասին 5 հաղորդում է ստացվել, որոնցից 4-ը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Ասկերանում: Հրդեհի բռնկման հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է՝ բաց տարածքում կրակ վառելն ու ոչ հետեւողական լինելը:

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն եւ տեղափոխել բուժկենտրոն։

Նվազել են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Ստացված 29 կանչից 15-ը եղել է կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի մասին: ԱԻՊԾ սակրավորները, Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը եւ The Halo trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախի տարածքում իրականացնել հետախուզական եւ ականազերծման աշխատանքներ:

Մեկ շաբաթում հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է 64 հատ պայթուցիչ, հակատանկային 6 ական, հրթիռակասետային 173  եւ ավիացիոն 2 ռումբ, թնդանոթի 66 արկ, փոքր տրամաչափի 560 զինամթերք, ձեռքի 15 հատ նռնակ եւ 3 նռնականետի ական:

Արձանագրվել է կենցաղային բնույթի 40 կանչ, որոնցից 7-ը՝ դուռ, 9-ը՝ վերելակ բացելու վերաբերյալ։ Ապրիլի 29-ին տեղացած առատ կարկուտի ու անձրեւի պատճառով  ամբողջովին ջրալցվել էր Ստեփանակերտում բնակվող բազմանդամ ընտանիքի տունը։ Փրկարարները ձեռքի միջոցներով կատարել են ջրահեռացման աշխատանք։

Շարունակվում են Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչներին խմելու ջուր մատակարարելու գործընթացը:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքների նպատակով անցած շաբաթ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները կատարել են 1 ելք: Զինադադարից հետո առայսօր տարհանվել է 1552 աճյուն: