Գլխավոր Վերլուծություն Ճամփորդություն դեպի Չերնոբիլ

Ճամփորդություն դեպի Չերնոբիլ

2511
Տարածել

Չերնոբիլի ատոմակայանի աղետալի վթարից անցել է 35 տարի։ Վթարի արդյունքում տեղի էր ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում շրջակա միջավայր, աղտոտվել էր մոտ 200 հազար քմ տարածք։ Էլեկտրակայանից 30 կմ շառավղով ստեղծվել է օտարված (օտարացած) գոտի (Зона отчуждения), շատ բնակելի տներ ու շարժական գույք ծանր տեխնիկայի շնորհիվ թաղվել են հողի տակ։ Տարհանվածներին արգելվել էր վերադառնալ տուն, սակայն այսօր այնտեղ դեռ ապրում է 1000-ից ավելի մարդ։ Ընդհանուր առմամբ՝ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցել է 526 250 հոգի, այդ թվում՝ Հայաստանից մոտ 3 000 կամավոր ու հրշեջ։ ՀՀ կառավարության 2016 թվականի տվյալներով՝ նրանցից 400-ից ավելին հետագայում մահացել է ճառագայթահարումից, իսկ շուրջ 2000-ը, ցավոք, առայսօր գտնվում է մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ:

Ներկայացնում ենք հնչյունային ռեժիսոր Մեղրիկ Մուրադի պատմությունը, որը վերջերս է այցելել Չերնոբիլ։

Փոքրիկ սխալից մինչեւ աղետ մեկ քայլ է

Միգուցե տարօրինակ թվա, բայց ամայի վայրեր այցելելու հանդեպ իմ սերն ու հետաքրքրությունը ստիպեցին գնալ Չերնոբիլ։ Բացի դրանից՝ այլընտրանքս մեծ չէր․ կորոնավիրուսի պատճառով եվրոպական երկրներում ճամփորդելն անհնար էր։ Կամ պարզապես ցանկացա ժամանակավորապես փախչել մեծ քաղաքի աղմուկից ու ծանրաբեռնվածությունից, ուղեւորվել դեպի անցյալ։ Որոշումը կայացրի միանգամից՝ առանց ծանրութեթեւ անելու, ինչպես երբեմն հատուկ է ինձ։ Նույն ցանկությամբ բազմաթիվ զբոսաշրջիկներ էին եկել նաեւ Իսպանիայից, Անգլիայից, Իտալիայից եւ եվրոպական այլ երկրներից։

Առանց զբոսաշրջային կազմակերպության, մուտքը Չերնոբիլ արգելված է։ Մեզ հատուկ սարքեր բաժանեցին, որոնք պիտի կրեինք ամբողջ շրջագայության ընթացքում։ Այն գրանցելու էր մեզ «բաժին հասած» ճառագայթման չափաբաժինը։ Տուրի վերջում պարզվեց, որ մեր ցուցանիշները հավասարազոր են ինքնաթիռի մեկժամյա երթեւեկության ընթացքում արձակված ռադիոակտիվությանը։

Կիեւից Չերնոբիլ ուղեւորվելու ճանապարհին ուղեկցորդը մեզ բազմաթիվ հրահանգներ էր տվել, որոնցից ամենատարօրինակն ինձ համար բաց տարածքներում սնունդ ընդունելու, ջուր խմելու, նույնիսկ՝ շրթներկ օգտագործելու սահմանափակումներն էին։ Հային հատուկ բնավորությամբ խախտում արեցի ու ստացա նկատողություն։

Տարբեր վայրեր այցելեցինք՝ գյուղ, անտառներ, գործարաններ, հուշարձաններ։ Կային հուշանվեր վաճառող փոքրիկ կրպակներ, սննդի ու սուրճի կետեր։ Մեկ այլ տարօրինակ կառույց էր տեղի ճաշարանն իր բաղնիքով։ Մի հին շինություն, որին կարծես փորձում էին երիտասարդացնել՝ պատերը ներկելով անբնական ու ճչացող կապույտ գույնով։

Ռադիոակտիվ ամբողջ գոտին մասերի էր բաժանված, որոնցից դիտարժանը հենց 30 կմ շառավղով օտարված գոտին էր։ Այնտեղ գյուղ կար՝ ձյունածածկ, լքված ու միահարկ տներով, նեղլիկ անցուղիներով։ Քանի որ մենք հյուսիսում էինք, դրան գումարած՝ ձմեռ էր, արեւի լույսի տակ քաղաքը տեսնելու հնարավորությունը մեծ չէր։ Անտանելի ցուրտ էր, ամեն անգամ լուսանկարելիս ձեռքերս այտուցվում էին։ Ընդհանուր առմամբ՝ տարածքն անմարդաբնակ էր, հատուկենտ տներ կային։ Մեզ հանդիպածները միայն զբոսաշրջիկներ էին, անցակետի հսկիչներ, հետազոտող գիտնականներ։

Հետդարձի ճանապարհին միտքս մի հարցի պատասխան էր փնտրում․ «Ինչու՞ եղավ այս ողբերգությունը»։ Եթե գիտությունն այդքան զարգացած էր, ու մարդիկ վստահ էին իրենց կարողությունների վրա, արդյո՞ք հնարավոր չէր աղետը կանխել։ Հասկացա, որ բնությունն է ամենազորը, իսկ մարդը՝ նրա մասնիկը, որն անքակտելի կերպով միաձուլված է ամեն երեւույթի հետ։ Մարդկությունը նվաճումներ է գրանցում՝ անտեսելով բնության օրինաչափությունները, խախտելով դրա ենթակառույցների ներքին հարմոնիկ վիճակը, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է ինչ-որ պայթյունի, աղետի՝ տարերային թե տեխնածին, աշխարհի ցանկացած կետում։

Եթե միայն կարողանայինք ավելի զգոն լինել, հնարավորինս քիչ ընդունել միանձնյա որոշումներ։ Քանի որ չենք կարող անգամ պատկերացնել, թե մի աննշան գործողությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ մեզ ու մեր շրջապատի համար։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մեղրիկ Մուրադը