Գլխավոր Միջոցառումներ Վարժանք Գյումրիում՝ ԱԹՍ-ների օգտագործմամբ

Վարժանք Գյումրիում՝ ԱԹՍ-ների օգտագործմամբ

3085
Տարածել

Դեկտեմբերի 10-ին «Հայկական կարմիր խաչի ընկերության» նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվեց երկրաշարժի թեմայով ցուցադրական վարժանք, որի ժամանակ Վանաձորի, Ստեփանավանի, Երեւանի արագ արձագանքման եւ «Հայկական կարմիր խաչի ընկերության» առաջին օգնության թիմերը կատարեցին փրկարարական տարբեր աշխատանքներ, տուժածներին ցուցաբերեցին առաջին օգնություն։ Վարժանքին հետեւում էր Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնը, որը երկօրյա այցով Հայաստանում էր։

Ըստ սցենարի՝ ուժեղ երկրաշարժի հետեւանքով տեղի է ունեցել քարաթափում, քաղաքացիներն արգելափակվել են մեքենայում։ Մեկ այլ տեղամասում ավտովթար է, կան տուժածներ։ Կամավորները ծավալել էին վրաններ։

Ստեփանավանի արագ արձագանքման թիմը, «Լոռէ» փրկարար ջոկատի, «Հայկական կարմիր խաչի ընկերության» առաջին օգնության թիմի ներկայացուցիչների եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» կամավորների մասնակցությամբ, աչքի ընկան հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Դրոններով կատարվեց բնակչության իրազեկում, թե ինչպես պետք է պաշտպանվել ցնցումներից հետո, ցուցադրվեց դրոնի օգնությամբ տուժածին ուսապարկ հասցնելու գործողությունը:

ՀԿԽԸ լրատվական եւ լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը նկատեց՝ անօդաչու թռչող սարքերն անփոխարինելի են դառնում դժվարամատչելի վայրերում փրկարարական աշխատանք կատարելու համար։ Սարքավորումը կարող է ոչ միայն տուժածին սնունդ կամ ջուր հասցնել, այլեւ փրկարարական գույք։ «Նման վարժանքներ տարվա ընթացքում 4-5 անգամ կազմակերպվում են։ Կամավորների թիվը տարեցտարի փոփոխվում է, տարեկան կտրվածքով՝ մոտ 2500-3500 հոգի։ Մեծ մասն ավագ դպրոցականներ են եւ ուսանողներ»,- հավելեց Նունե Գրիգորյանը:

Վարժանքի հաջորդ օրվանից դրոնները ներգրավվել են նաեւ իրական որոնման գործում։ Ստեփանավանի շրջանի գյուղերից մեկում քաղաքացի է կորել, մինչ օրս ոստիկաններն ու փրկարարները փնտրում են նրան։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նունե Գրիգորյանը