Գլխավոր Միջոցառումներ Փրկարարները կապահովեն երեխաների անվտանգությունը

Փրկարարները կապահովեն երեխաների անվտանգությունը

2211
Տարածել

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահում կցուցադրվեն «Չիպոլինո» ներկայացումը եւ «ՄուլտՖԻԼ» մանկական ծրագիրը: Այցելուների անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները շուրջօրյա ուժեղացված հերթապահություն կիրականացնեն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրահանգիչ, փ/ծ մայոր Մասիս Մնացականյանի խոսքով՝ սովորական օրերին հերթապահում է 2 ծառայող, սակայն միջոցառումների ժամանակ լրացուցիչ ուժերի կարիք է առաջանում, քանի որ դահլիճներում 1000-ից ավելի հանդիսատես է տեղավորվում:

Մինչեւ միջոցառումների մեկնարկը տարածքում վերահսկողություն է իրականացնելու «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ- հրահանգիչ, փ/ծ սերժանտ Վերժինե Հարությունյանը: Թեեւ այս բաժնում նորեկ է, սակայն իր անելիքը լավ գիտի. հետեւելու է, որ այցելուները պահպանեն հրդեհային  անվտանգության կանոնները, շենքում չծխեն:

Հրահանգիչները նաեւ պարբերաբար բացատրական աշխատանքներ են տանում անձնակազմի հետ, վերահսկում այն տեղանքները, որտեղ իրականացվում են, օրինակ, գազաեռակցման աշխատանքներ: Շենքն ունի ներքին հրշեջ ծորակներ եւ կրակմարիչներ, որոնք կօգտագործվեն առաջնային հրդեհաշիջման համար մինչեւ օժանդակ ուժերի ժամանումը:

Ներկայումս օպերայի բեմում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Առավոտից փրկարարները բարձրացրել են երկաթե վարագույրները, որ անձնակազմը կարողանա իր աշխատանքը կատարել: Միջոցառման ավարտից հետո վարագույրներն իջեցվում են, հատ-հատ ստուգվում են էլեկտրական սարքավորումները՝ հրդեհի հնարավոր վտանգը կանխելու համար:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը տրամադրել է Վերժինե Հարությունյանը