Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 465 կանչի են արձագանքել

Փրկարարները 465 կանչի են արձագանքել

3279
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 465 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 100 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 200 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նոր նորք, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, Արմավիրում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 5 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 3 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 5 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը հյուրանոցի խոհանոցում», «Հրդեհաշիջումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Ազդարարում, տարհանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը», «Օդային ազդանշանի դեպքում համայնքի բնակչության պատսպարման իրականացում», «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազակերպումը եւ իրականացումը», «Երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: