Գլխավոր Վերլուծություն «Կլիմայական արկղիկն» ընդդեմ աղետների եւ բնապահպանական արտակարգ իրավիճակների

«Կլիմայական արկղիկն» ընդդեմ աղետների եւ բնապահպանական արտակարգ իրավիճակների

2415
Տարածել

Կլիմայի փոփոխությունն ու աղետների ռիսկերը ողջ մոլորակին սպառնացող վտանգներ են: Վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ է պատահում, որ կլիմայի փոփոխության մասին խոսելիս օգտագործվում է աղետ բառը կամ բնապահպանական արտակարգ իրավիճակ ձեւակերպումը: Ու պատահական չէ, որ «Կայուն զարգացում 2030» օրակարգի 17 նպատակից 8-ը ներառված է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրում: Նպատակներից 13-րդն է՝ «Գործողություն ի նպաստ կլիմայի»:

Հաճախակի են դարձել կլիմայական անոմալիաները՝ ջրհեղեղներ,երաշտներ, բարձր ջերմաստիճաններ եւ այլն: Ողջ աշխարհում երիտասարդները բողոքում եւ պահանջում գործնական քայլեր: Ինչո՞ւ որակյալ կրթություն ստանանք, եթե ապագա չունենք, եթե մոլորակը դառնում է ապրելու համար ոչ պիտանի, կանգնած է կործանման եզրին, ահազանգում են երիտասարդները:

2014 թվականին Ռուսաստանում մշակվել է դպրոցականների համար «Կլիմայական արկղիկ» ծրագիրը: Այժմ դրան միացել են միջինասիական երկրները, Մոլդովան, 2017 թվականից՝ Հայաստանը: Բելառուսը ծրագրին միանալու ցանկություն է հայտնել: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կլիմայի փոփոխության տարածաշրջանային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի խոսքով, «Կլիմայի փոփոխության դեմ պայքարում երեխաներն ու պատանիները թարմ էներգիա եւ ստեղծագործական միտք են բերում»:

Այս ծրագրի հիմնական գործիքը «Կլիմայական արկղիկ» ձեռնարկն է: Սա ամբողջական նյութ է: Ձեռնարկի հետ կան քարտեզներ, թեսթեր: Ձեռնարկը բաժանված է երեք գլխի. ինչ պատճառներով են առաջանում կլիմայական փոփոխությունները, դրանք ինչ ազդեցություն կունենան գյուղատնտեսության, համայնքների, մարդկանց առողջության վրա, ինչպես մեղմել կլիմայական փոփոխությունները եւ ինչպես հարմարվել: Ձեռնարկը բոլոր դասարանների երեխաների համար է: Ցածր դասարանների համար կիրառելի է «Եղանակ» թեման, իսկ ավագ դպրոցում՝ «Կլիմայի հարմարվողականություն»:

Այս թեմաները երեխաներին հաղորդելու համար լրացուցիչ դասաժամեր պետք չեն: Թեմաներից կարելի է խոսել աշխարհագրության կամ կենսաբանության դասին: Իսկ սրա համար պետք է ուսուցիչների վերապատրաստում: Միայն 2018 թվականին ողջ աշխարհում վերապատրաստվել է 750 ուսուցիչ: ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի «Կլիմայական արկղիկ» ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանի խոսքով, Հայաստանում վերապատրաստվել է 102 դպրոցի ուսուցիչ եւ մեթոդիստ՝ աշխարհագրագետ, կենսաբան, քիմիկոս, ֆիզիկոս: «Կլիմայական արկղիկ» ձեռնարկը թարգմանվել է հայերեն եւ տեղայնացվել: Օրինակ անտառների ու դրանց սպառնացող վտանգների մասին նյութում խոսվում է հենց Հայաստանի անտառների մասին, բարձր ու ցածր ջերմաստիճանների մասին խոսելիս, նշվում է հենց Հայաստանում գրանցված նման ջերմաստիճաննների մասին, կամ վերականգնվող էներգետիկայի մասին նյութում խոսվում է Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում կառուցված հողմակայանից:

Ըստ Արմինե Պողոսյանի, վերապատրաստվել են բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ, սակայն ցանկացած առարկայի դասին կարելի է խոսել կլիմայի փոփոխություններից՝ մաթեմատիկայի խնդիր կազմել ջերմաստիճանի, անտառների մակերեսների փոփոխության եւ այլ թեմաներով: Պետք է օգտագործել կլիմայի փոփոխության մասին խոսելու ցանկացած հնարավորություն եւ գործնական քայլեր անել:

Ուսուցիչների վերապատրաստումից հետո կազմակերպվել է կլիմայի փոփոխության թեմայով դպրոցականների մշակած բնապահպանական նախագծերի առաջին ազգային մրցույթը։ Մրցույթը անցկացվել է երկու անվանակարգում՝ «Կլիմայի փոփոխություն եւ ջրային ռեսուրսներ», «Ածխածնի հետքի նվազեցում»: Մրցույթին ներկայացվել է 16 նախագիծ: Օրինակ Արարատի մարզի Ջրաշեն համայնքում երեխաների նախաձեռնությամբ մշակվել եւ կառուցվել է ճագարների գոմաղբից ստացվող կենսագազով աշխատող ջեռուցման համակարգ՝ հենց ճագարների համար: Երեք նախագիծ մասնակցել է Ալմաթի քաղաքում 2019 թվականի ապրիլի 24-27-ը տեղի ունեցած միջազգային մրցույթին:

«Կլիմայական արկղիկ» ծրագիրը փորձարկվել է թվով 24 դպրոցում, այդ թեմաներով քննարկումներին մասնակցել է 1253 աշակերտ։ «Կլիմայական արկղիկ» ձեռնարկի հայերեն տարբերակն առայժմ միայն էլեկտրոնային տարբերակով է: Տարեվերջին պատրաստ կլինի տպագիր տարբերակը եւ կբաժանվի մոտ 100 դպրոցի: Հաջող ելքի դեպքում կտարածվի նաեւ այլ դպրոցներ: Ողջ էլեկտրոնային նյութերը հասանելի կլինեն համացանցում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմինե Պողոսյանը