Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 604 կանչի են արձագանքել

Փրկարարները 604 կանչի են արձագանքել

3079
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 604 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 202 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 30 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 179 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր նորք, Կենտրոն, Ավան, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատում, Լոռիում, Կոտայքում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 28 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 11 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 6 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը նկուղային հարկերում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը նախադպրոցական հաստատություններում», «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը արտադրամասում առաջացած հրդեհի դեպքում», «Հրդեհաշիջումը բարձրահարկ շենքի երկրորդ հարկում», «Հրդեհաշիջումը բժշկական հաստատություններում», «Հրդեհաշիջման իրականացումը պայթյունավտանգ օբյեկտներում», «Հրդեհաշիջումը եւ տարհանումը ուսումնական հաստատություններում», «Փրկարարական եւ որոնողափրկարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ավերիչ երկրաշարժի ժամանակ», «Օդային տագնապի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացում», «Հրդեհաշիջում եւ ծխապատ գոտուց մարդկանց տարհանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: