Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

3278
Տարածել

2018 թվականի սեպտեմբերի կեսին Հայաստանում գրանցված էր 19 359 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019-ի սեպտեմբերի 13-ի տվյալներով՝ 20 473 ԱՎՕ, 2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ 22 041 ԱՎՕ, իսկ այս տարվա՝ 2021 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ 23 614 արտադրական վտանգավոր օբյեկտ: Վերջին չորս տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է ավելի քան 21 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 7 տոկոսով: Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է 1 106 ԱՎՕ. մրգային հյութերի եւ խյուսերի շշալցման հոսքագիծ, եփման կաթսաների տեղամաս, ավտոցիստեռն, հեծանային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 500-ը ապամոնտաժվել է, ավելի քան 900-ը՝ կոնսերվացվել, ավելի քան 100-ը՝ չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8300) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, մոտ 700 կոմպրեսոր, մոտ 500 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: