Գլխավոր Վերլուծություն Վաստակաշատ մասնագետն էլ մեզ հետ չէ

Վաստակաշատ մասնագետն էլ մեզ հետ չէ

3091
Տարածել

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Հերմինե Աբրահամյանը։ Ընկերասեր, հոգատար եւ արտակարգ իրավիճակների ոլորտին քաջատեղյակ մի կին, որը 2004 թվականից իր ամբողջ ներուժը ներդրել է մարզում անվտանգության մշակույթի ձևավորման գործում։

Ներկայացնում ենք 2016 թվականի դեկտեմբերին «911 արտակարգ թերթ» պաշտոնաթերթում Հերմինեի հետ մեր զրույցը։

28 տարի՝ «ճաք տված» հողի վրա

1988 թ․, դեկտեմբերի 7, Կիրովական։ Քաղաքը մառախուղի մեջ էր, ամենուրեք՝ խուճապ։ «Պոլիտեխնիկական ինստիտուտի առաջին կուրսում էինք, մաթեմատիկայի դասախոսության ժամանակ ցնցումներ սկսվեցին։ Շենքը չփլվեց, բայց պատերը ճաք տվեցին»,- վերհիշում է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Բնակչության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Հերմինե Աբրահամյանը։

Դասախոս Սամվել Ապրեսյանն անմիջապես գտել էր ելքը, աստիճանավանդակներով տարհանվելու փոխարեն կոտրել էր լսարանի պատուհանի ապակին ու 60 ուսանողի անվտանգ դուրս բերել շենքից։ Շինության միջնապատը վայրկյաններ անց փլուզվել էր, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չէին եղել։

Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում՝ ինչ է կատարվել։ Առաջին միտքն էր՝ քիմիական գործարանն է պայթել։ Սակայն ցնցումները չէին դադարում, ինչից կիսախարխուլ դարձած շենքերից շատերը փուլ եկան։ Քաղաքի մի ամբողջ թաղամաս գետնի տակ էր անցել։ Երկու օր խաթարվել էին երթեւեկությունն ու հաղորդակցությունը։ «Տատիս տունը, որտեղ ապրում էի, վթարային էր դարձել։ Բարեկամներից մեկի տանն օթեւանեցինք։ Ծնողներս եկել էին Գավառից ու ամբողջ գիշեր ինձ էին փնտրել»,- պատմում է Հերմինեն։

Այդ օրերին միայն երկաթուղային կայարանն էր աշխատում, առանց ցուցակագրվելու մարդիկ «խցկվում» էին վագոններում ու շարժվում տարբեր ուղղություններով։ Մարդասիրական օգնությունը չուշացավ։ Մասնագետի խոսքով՝ չկար մի կառույց, որը կհամակարգեր ուտելիքի, հագուստի եւ մյուս պարագաների հավասար բաշխումը։ Ստացված օգնության կեսը տուժածներին չէր հասնում։

Երկրաշարժը ծանր հետեւանք ունեցավ։ Քաղաքի բնականոն կյանքը փոխվեց, քարե շինություններին փոխարինելու եկան տնակներն ու վրանները։ Տարիներ շարունակ այդ պայմաններում էր կազմակերպվում միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը։

Հերմինեն ափսոսանքով նշում է՝ զոհերն անհամեմատ քիչ կլինեին, եթե մարդիկ պաշտպանության տարրական գիտելիք ունենային․ «Լենինականի պոլիտեխնիկական ինստիտուտում զոհերի 80 տոկոսը աստիճանավանդակների փլատակներում էր մնացել։ Այն ժամանակ մենք նույնիսկ չէինք հասկանում, որ ցնցվող շենքից պետք է դուրս գալ։ Այսօր ահռելի առաջընթաց կա։ Հարյուրավոր սեմինարներ են անցկացվում ուսումնական հաստատություններում, պաշտպանության վարքականոնը ներառվել է դպրոցական ծրագրերում»։

Երկրաշարժից 28 տարի անց Վանաձորում կյանքը եռում է։ Բայց երկրաշարժ վերապրած կինը ոչինչ չի մոռանում․ կյանքն իրեն լավ դաս է տվել, պետք է միշտ պատրաստ լինել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Հերմինե։