Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2289
Տարածել

2018 թվականի հունիսի կեսերին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 156 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019-ի հունիսի 14-ին՝ 20 210, 2020 թվականի հունիսի չորսի դրությամբ՝ 21 590 արտադրական վտանգավոր օբյեկտ: Այս տարվա՝ 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ՝ 23 128 արտադրական վտանգավոր օբյեկտ: Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է 620 ԱՎՕ. հեծանային կռունկ, բենզալցակայան, սառեցման համակարգ, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն: Վերջին երեք տարում Հայաստանում գրանցված ԱՎՕ-ների քանակն աճել է ավելի քան 20 տոկոսով, տարեսկզբի համեմատ՝ 2,7 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի հունիսի 15-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 300-ը ապամոնտաժվել է, մոտ 900-ը՝ կոնսերվացվել, ավելի քան 100-ը՝ չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8200) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, մոտ 600 կոմպրեսոր, մոտ 450 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: