Գլխավոր Նորություններ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

786
Տարածել

Անիում արգելվում է կիրակնօրյա շուկան. զգուշացում երկրաշարժից

Շարունակում ենք «911. Արտակարգ թերթի» հավատարիմ ընթերցողներին ներկայացնել մեր ընթացիկ հետազոտությունների արդյունքները, որոնք ուշագրավ փաստեր են ի հայտ բերում անցյալի հայտնի և անհայտ երկրաշարժերի վերաբերյալ` էապես լրացնելով մեր գիտելիքները Հայաստանի պատմական երկրաշարժագիտության ոլորտում:

 

Ստորև ներկայացնում ենք մի հետաքրքիր դրվագ այդ շարքից, որը պատահել է Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում` 12-րդ դարի առաջին կեսին:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի միջնաբերդի և Սմբատաշեն պարիսպների միջև է գտնվում քաղաքի երբեմնի ամենագեղեցիկ կառույցներից մեկը՝ Սուրբ Առաքելոց եկեղեցին իր համալիրով: Եկեղեցական համալիրում չափագրություններ, պեղումներ, ամրակայման աշխատանքներ և մասնակի վերականգնումներ են արվել Անիի հնագիտական արշավախմբի կողմից 1906-1912 թթ. (ղեկավար՝ պրոֆ. Նիկողայոս Մառ) հայ մեծահարուստների դրամական միջոցներով:

Եկեղեցին թվագրվում է 10-րդ դարի վերջ — 11-րդ դարի սկզբով: Ս. Առաքելոցը հնգագմբեթ, խաչաձև հորինվածքով եկեղեցի է, որի հյուսիսային և հարավային պատերին 12-13 դարերում կցվել են գավիթներ, իսկ հարավային գավթի հարավային պատին՝ միանավ փոքրիկ մատուռ: Եկեղեցական համալիրի պատերին պահպանվել են ավելի քան 40 հայատառ արձանագրություններ, որոնք մեծամասամբ ունեն իրավական և օրենսդրական նշանակություն:

Ուշագրավ է եկեղեցու հյուսիսային պատին կից 12-րդ դարում կառուցված գավթի արտաքին՝ արևելյան պատի հյուսիսային մասում գտնվող հյուսիսային խորշի երկու կողմերում փորագրված արձանագրությունը, որտեղ ասվում է, որ շնորհիվ Աստծո, Տեր Սարգսի և Անիի մելիք Փախրադինի առաջնորդությամբ` տեղերեցի Մխիթար եպիսկոպոսը, վախենալով երկրաշարժի ավերածություններից (հավանաբար՝ հնարավոր հետևանքները կանխելու համար), արգելում է փողոցում կիրակնօրյա վաճառահանությունը: Վերջում արձանագրված է անեծքի կարճ բանաձև, ըստ որի՝ այդ գիրը ջնջողի վրա կընկնեն քաղաքի մեծ ու փոքր մեղքերը:

Հայտնի է, որ Սուրբ Առաքելոց եկեղեցական համալիրը հավաքատեղի է եղել քաղաքի հոգևոր և հասարակական գործիչների համար, ովքեր հրապարակայնացրել են տարբեր օրենքներ ու կանոններ, կարևորները փորագրել վանական պատերին:

Վաճառաշատ Անի մայրաքաղաքում կային ինչպես քաղաքային, այնպես էլ մասնագիտացված և կիրակնօրյա շուկաներ, կազմակերպվում էին նաև սեզոնային տոնավաճառներ: Հատուկ առանձնացված շուկաներում և հրապարակներում կազմակերպվող տոնավաճառներից բացի քաղաքում զարգացած էր նաև փողոցային առևտուրը:

Խիտ կառուցապատված նեղ փողոցներով Անիում, հավանաբար, պահպանված չէին սեյսմիկ անվտանգության նորմերը:

Թերևս, այդ էր պատճառը, որ քաղաքային իշխանությունը հատուկ հրամանով արգելում է քաղաքի այդ հատվածում փողոցային առևտուրը և տեսանելի վայրում այդ մասին արձանագրություն փակցնում: Կարծում ենք, որ այս իրադարձությունները կապ ունեն ձեռագիր մի հիշատակարանից հայտնի` 1131 թ. Անիում տեղի ունեցած ուժեղ  երկրաշարժի, հաճախակի կրկնված նախացնցումների կամ հետցնցումների հետ, որոնք նյութական, գուցե նաև մարդկային կորուստների պատճառ են դարձել:

 

 

Ավետիս ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՍՊԱրմԾ ԲՏԱԿ

առաջին կարգի մասնագետ