Գլխավոր Վերլուծություն Հզորացվում են հետաղետային կարիքների գնահատման կարողությունները

Հզորացվում են հետաղետային կարիքների գնահատման կարողությունները

2377
Տարածել

2008 թվականի հոկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկը եւ Եվրոպական հանձնաժողովը ստորագրել են «Հետաղետային կարիքների գնահատում»՝ ՀԱԿԳ (The Post-Disaster Needs Assessments՝ PDNA) գործիքակազմ ձեւավորելու համաձայնագիր: ՀԱԿԳ-ն աղետից տուժած երկրների համար ջանքերի կրկնությունը բացառելու, վերականգնման գործընթացը բարելավվելու, մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացիա ապահովելու գործիք է: Իսկ արտաքին օգնության անհրաժեշտության դեպքում «Հետաղետային կարիքների գնահատումը» միջազգային հանրության համար որոշումներ ընդունելու, թիրախավորված օգնություն տրամադրելու հիմնական փաստաթուղթն է:

Հայաստանում եւս ներդրվում է ՀԱԿԳ-ն: 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվել է ՀԱԿԳ-ն նվիրված միջազգային աշխատաժողով,  իսկ նույն տարվա նոյեմբերին՝ նույն թեմայով գործնական պարապմունք եւ հրահանգչային դասընթաց:

Կարեւորելով ՀԱԿԳ գործիքակազմի կիրառումը Հայաստանում, անցած շաբաթ Աղվերանում կազմակերպվել էր «Հետաղետային կարիքների գնահատում» թեմայով աշխատաժողով, որին բացի արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից, մասնակցել է նաեւ տարբեր նախարարությունների եւ պետական գերատեսչությունների (շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, առողջապահության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններ, կադաստրի կոմիտե եւ այլն) 27 ներկայացուցիչ, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի փորձագետներ: Աշխատաժողովին մասնակցել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Կիմը:

Աշխատաժողովի նպատակն էր ձեւավորել աշխատանքային խումբ, որը խորությամբ կուսումնասիրի ՀԱԿԳ ՄԱԿ-ի սահմանած եւ բազմաթիվ երկրներում հաջողությամբ կիրառված գործիքակազմը եւ կտեղայնացի այն: Աշխատանքային խմբի ղեկավար է ընտրվել աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը:

Մեզ հետ զրույցում վերջինս նկատեց, որ թեեւ ողջ աշխարհում շատ են համայնքի եւ պետության դիմակայունության բարձրացման ուղղված ծրագրերն ու քարոզարշավները, զուգահեռ զարգանում է նաեւ հետաղետային կարիքների գնահատումը, քանի որ ռիսկեր եղել են կան ու կլինեն ու աղետը չի ասելու, որ գալիս է, մի օր գալու է: Ամենաթարմ օրինակը՝ COVID-19-ը, ցույց տվեց, որ  պատրաստվածության մի մակարդակ է պետք, որը չկար: Աշխատանքային խմբի քարտուղարը վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ Անի Համբարձումյանն է. «Սա կարեւոր է, հավաստի տեղեկությունների վրա եզրակացություններ անելու համար»:

«Ասում են փորձանքը միայնակ չի գալիս, ուստի՝ ռիսկերի նկատմամբ համակարգված մոտեցում է պետք: Մեզ համար՝ հատկապես կարեւոր է սա: Այսպիսի աշխատաժողովներով կզարգացնենք կարողություններն ու տարբեր ոլորտներում աշխատող մասնագետները կարողանան համագործակցել, գիտակցել համակարգված ռիսկը եւ դրան համակարգված պատասխան կտան», — նկատեց Արմինե Հայրապետյանը: Նրա խոսքով, քննարկվում է «Հետաղետային կարիքների գնահատող» արտոնագիր սահմանելու հարցը, որ անգամ եթե մարդը փոխի աշխատանքը, մեկ է բոլորը իմանան, որ նա հետաղետային կարիքների գնահատման մասնագետ է:

Եռօրյա աշխատաժողովի ժամանակ եղել են զեկույց-դասախոսություններ եւ գործնական վարժություններ՝ «Կորուստ եւ վնաս», «Մնացորդային ռիսկի կառավարում», «Վերականգնում» եւ այլն: Այս ամենի արդյունքում կմշակվի նախաաղետային վիճակի շտեմարան՝ ինչ կարողություններ ունենք, ինչ ռիսկերի են դրանք ենթակա, շտեմարանը ինչ հասանելիություն եւ գաղտնիության ինչ աստիճան պիտի ունենա եւ այլն. «թե սեփական, թե միջազգային օգնության դեպքում նախնական այս տեղեկություններն ուղղակի անհրաժեշտ են ճիշտ արձագանքման եւ վերականգնման համար»:

Շտեմարանը պատրաստ լինելուն պես լայնորեն կտարածվի: Տեղական ինքնակառավարման մարմինները, մարզային գերատեսչությունները պետք է ճիշտ գնահատեն իրենց կարողություններն ու կարիքները եւ զարգացման ծրագրերը կառուցեն առկա խնդիրները հաշվի առնելով: Շտեմարանը համայնքի կայուն զարգացման հիմքը կդառնա, կնպաստի ավելի լավ վերակառուցմանը:

Օրակարգում է նաեւ ՀԱԿԳ աշխատանքներում մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ներգրավվելու հարցը՝ հատկապես կարեւոր կենսական ենթակառուցվածքների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից: Նրանք էլ են հետաղետային կարիքների գնահատման լիիրավ շահառուներ՝ ոչ ոք չպետք է անտեսված լինի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են աշխատաժողովի մասնակիցները