Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2635
Տարածել

2017 թվականի հոկտեմբերին կեսին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 602 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2018 թվականի հոկտեմբերի կեսին՝ 19 420, իսկ այս տարվա հոկտեմբերի կեսին՝ 20 541: Վերջին երկու տարում ԱՎՕ-ների քանակն ավելացել է 10,5 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 5,7 տոկոսով:

Տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 14-ը Հայաստանում գրանցվել է 727 ԱՎՕ, որից մոտ 90-ը՝ վերելակ: Նաեւ պայթուցիկ նյութեր տեղափոխող, խառնող եւ լիցքավորող մեքենա, թթվածնի բալոնների պահեստարան, ճնշման տակ աշխատող սարքավորում, ավտոկռունկ, քիմիական նյութերի պահպանման պահեստ, սառնարանային տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ավելի քան 30 տոկոսը (ավելի քան 7500) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: