Գլխավոր Վերլուծություն Վասն հետաղետային կարիքների գնահատման գործիքակազմի զարգացման

Վասն հետաղետային կարիքների գնահատման գործիքակազմի զարգացման

2531
Տարածել

Հոկտեմբերի 15-17-ը Երեւանում անցկացվեց  հետաղետային կարիքների գնահատման՝ ՀԱԿԳ (Post-Disaster Needs Assessment՝ PDNA) միջազգային աշխատաժողով:

Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 13-16-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ, Ծաղկաձորում անցկացվել է հետաղետային կարիքների գնահատման գործնական պարապմունք եւ հրահանգչային դասընթաց, որին մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Չորս օրում քննարկվել է 10 թեմա. վերականգնման քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ պահանջները, աղետների վերականգման ազգային եւ ոլորտային կառույցները, կառուցենք ավելի լավ, քան նախկինում էր՝ հետաղետային վերականգնման իրականացում եւ վերահսկողության ապահովում, հետաղետային կարիքների գնահատում, վերականգնման կարիքների բացահայտում, ազգային հետաղետային պլանների սահմանում եւ կոորդինացում, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման օրենքի նախագիծ, հետաղետային համակարգի ձեւավորումը Հայաստանում, աղետների ռիսկի կառավարման համակարգային մոտեցման քարտեզ, հետաղետային վերականգնման հայեցակարգ:

Դասընթացի հիմնական նպատակը պետական պաշտոնյաներից կազմված աշխատանքային խմբի ձեւավորումն ու նրանց կարողությունների զարգացումն էր՝ հետագայում համապատասխան քաղաքականության եւ ընթացակարգերի ձեւավորման, հետաղետային կարիքների գնահատման գործընթացի ապահովման համար: Դասընթացի մասնակիցները հետագայում աջակցեն կառավարության հետաղետային վերականգնման կարողությունների զարգացման եւ ամրապնդման գործընթացին, Հայաստանում հետաղետային վերականգնման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հ.Գ. «Հետաղետային կարիքների գնահատում»՝ ՀԱԿԳ (The Post-Disaster Needs Assessments՝ PDNA) գործիքակազմ ձեւավորելու համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի հոկտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի միջեւ: ՀԱԿԳ-ն ուղեցույց եւ գործիքակազմ է աղետից տուժած երկրների համար խուսափելու ջանքերի կրկնությունից, բարելավելու վերականգնման գործընթացը, ապահովելու մարդկային եւ նյութական ռեսուրսների արդյունավետ մոբիլիզացիա: Իսկ արտաքին օգնության անհրաժեշտության դեպքում «Հետաղետային կարիքների գնահատումը» միջազգային հանրության համար որոշումներ ընդունելու, թիրախավորված օգնություն տրամադրելու հիմնական փաստաթուղթն է: 2008-ից մինչ օրս աշխարհի ավելի քան 60 երկրում տեղի ունեցած աղետներից (երկրաշարժ, ջրհեղեղ, ցունամի, հրաբուխ, երաշտ եւ այլն) հետո կազմվել է «Հետաղետային կարիքների գնահատում» զեկույց ու հստակ արձանագրվել, թե երկրի որ մարզը ինչքան է տուժել, որքան են վնասված ճանապարհները, գյուղատնտեսությունը, գնաֆոնդը եւ այլն: