Գլխավոր Ուսուցողական նյութեր Երեւանի հրշեջ երկրորդ խումբն ու Սարդարապատի հրշեջ խումբը

Երեւանի հրշեջ երկրորդ խումբն ու Սարդարապատի հրշեջ խումբը

2503
Տարածել

Ժողկոմխորհին կից կատարման հանձնաժողովի որոշում Սարդարապատում հրշեջ խումբ կազմակերպելու մասին

Հոկտեմբերի 3, 1932 թ․

Լսելով Կոմունալ տնտեսության ժողկոմ ընկ․ Հ․Յաղուբյանի զեկուցումը Սարդարապատում հրշեջ-խումբ կազմակերպելու ընթացքի մասին՝ Ժողկոմխորհին կից Կատարման հանձնաժողովն արձանագրում է, որ հակառակ ժողկոմխորհի կարգադիր նիստի եւ Կատարման հանձնաժողովի որոշումների՝ մինչ այժմ Սարդարապատի հրշեջ խումբը չի կազմակերպվում Տրակտորկենտրոնի եւ Զագոտզեռնոյ անպարտաճանաչ վերաբերմունքի հետեւանքով։

Սարդարապատում հրշեջ խումբ կազմակերպելու համար Կատարման հանձնաժողովը որոշում է․

1. Հաստատել Ղուրդուղուլու շրջգործկոմի որոշումը, որի հիման վրա Սարդարապատում հրշեջ խումբ կազմակերպելու համար դրամական միջոցներ պետք է հատկացնեն հետեւյալ կազմակերպությունները՝

· Սարդարապատի բամբակազտիչ գործարանը՝ 15 հազար ռուբլի

· Մեքենատրակտորային կայանը՝ 15 հազար ռուբլի

· Բամբակագործական խորհտնտեսությունը՝ 10 հազար ռուբլի

· Այգեպտղաբուծական խորհտնտեսությունը՝ 5 հազար ռուբլի

· «Հայջրտնտեսությունը» Սարդարապատի ջրանցքի գծով՝ 3 հազար ռուբլի

· Շերամապահական խորհտնտեսությունը՝ 5 հազար ռուբլի

· Զագոտզեռնոյի ՀՍԽՀ գրասենյակը՝ 1,5 հազար ռուբլի

· Կոնսերվտրեստը՝ 10 հազար ռուբլի

· Ղուրդուղուլու շրջգործկոմը՝ 10 հազար ռուբլի

2. Առաջարկել վերոհիշյալ կազմակերպություններին՝ նշված գումարները 10 օրվա ընթացքում փոխադրել շրջգործկոմի ընթացիկ հաշվին։

3. Հանձնարարել Հանրապետական դատախազությանը հսկել, որպեսզի այս պահանջը ժամանակին կատարվի, իսկ չկատարողներին ենթարկել օրինական պատասխանատվության։

4. Առաջարկել Ղուրդուղուլու շրջգործկոմին մինչեւ հոկտեմբերի 25-ը ավարտել հրշեջ խմբի կազմակերպումը։

5. Առաջարկել Հանրապետական հրշեջ վարչությանը ապահովել Սարդարապատի հրշեջ խումբը հրամկազմով եւ անհրաժեշտ սարքավորումներով, նաեւ աջակցել Ղուրդուղուլու շրջգործկոմին համալրելու խմբի անձնական կազմը։

6. Հանձնարարել Կոմտնտժողկոմատին եւ Հանրապետական դատախազությանը հսկել այս որոշման կիրառումը եւ արդյունքների մասին զեկուցել Կատարման հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում։

Կատարման հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ն․ Կուրսել

Կատարման հանձնաժողովի քարտուղար՝ Թ․ Սիլախտարյան

ՀՍԽՀ ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի նամակը՝ Ժողկոմխորհին

Մարտի 10, 1932 թվական

Համաձայն Ժողկոմխորհի 1931 թվականի 8/10 որոշման՝ Երեւանում երկրորդ հրշեջ խումբ կազմակերպելու ծախքը բաշխված է գլխավորապես արդյունաբերական ձեռնարկությունների միջեւ, որոնք անցկացված են տնտեսական հաշվարկի, եւ առանց նրանց համաձայնության փոխանցել նրանցից հասանելիք գումարները Ֆինժողկոմատը իրավասու չէ, բայց այնուամենայնիվ մեր կողմից 5/12-1931 թ, 28/1, 3/2 եւ 7/2-1932 թ․ գրություններով խնդրված է եղել Պետբանկին փոխանցել այդ գումարները։ Պետբանկն իր հերթին դիմել է ձեռնարկներին եւ մեծամասնությունը արդեն փոխանցել է գումարները, իսկ մեխանիկական գործարանը, որից հասնում է 7605 ռուբլի, կաշվեգործարանը՝ 6565 ռուբլի եւ Սառցարանը՝ 6760 ռուբլի, մինչ այժմ չեն մուծել եւ կատեգորիկ կերպով հրաժարվում են մուծել։

Նկատի ունենալով, որ երկրորդ հրշեջ խմբի կազմակերպման գործը, շնորհիվ վերոնշյալ երեք կազմակերպությունների, վտանգի առաջ է դրված, ուստի Ֆինժողկոմատը խնդրում է ներգործել այլ միջոցներ եւ դրանով հնարավորություն տալ վերջապես կազմակերպել հիշյալ հրշեջ ջոկատը։

Ֆինժողկոմի տեղակալ՝ Վարշամյան

Սեկտորի ղեկավար՝ Ալմազյան

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 3

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

«Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին

Կայսերական ցուցահանդես՝ նվիրված առաջին օգնությանը

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում