Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 108 մեքենա

Արգելափակումից հանվել է 108 մեքենա

3059
Տարածել

Հունվարի 17-23 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 433 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 62 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 11 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 140 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Նոր նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան վարչական շրջաններում, Արմավիրում, Կոտայքում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 108 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 209 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման աշխատանքների իրականացումը», «Հրդեհաշիջումը ատոմակայանի մատույցներում գտնվող փայտամշակման արտադրամասում», «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում», «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: