Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2021
Տարածել

2018 թվականի սեպտեմբերի կեսին Հայաստանում գրանցված էր 19 359 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019-ի սեպտեմբերի 13-ի տվյալներով՝ 20 473 ԱՎՕ, իսկ այս տարվա՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ 22 041 ԱՎՕ: Վերջին երկու տարում ԱՎՕ-ների քանակն աճել է մոտ 14 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 7 տոկոսով:

2020 թվականի սկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է 1 036 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ դիզելային ինքնագնաց բեռնիչ, ախտահանման տեղամաս, երկաթգծային շրջադարձային կռունկ, սառեցման համակարգ, էլեկտրական բազմաճախարակ, քիմիական նյութերի պահեստ, կաթսայատուն, պոլիէթիլենային շշերի փչման արտադրամաս, միաճոպան կախովի մարդատար ճոպանուղի, բեռնատար եւ մարդատար վերելակներ եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ներից մոտ 1000-ը կոնսերվացված կամ ապամոնտաժված են, ավելի քան 100 ԱՎՕ (հանքավայր, կռունկ, կաթսա եւ այլն) չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (մոտ 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ: Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: