Գլխավոր Ուսուցողական նյութեր Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում

Կոլտնտեսականների համար հրդեհային դասընթացներ՝ խորհրդային Հայաստանում

2359
Տարածել

ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմիսարիատի նամակը ժողկոմխորհին

26 սեպտեմբեր, 1932 թվական

Կոլեկտիվ տնտեսություններում հրդեհների դեմ պայքարն ուժեղացնելու եւ կոլտնտեսականների համար հրդեհային կարճատեւ դասընթացներ կազմակերպելու մասին

Արագ աճող սոցիալիստական տնտեսությունները եւ գյուղում սրվող դասակարգային պայքարը ներկայումս մեզ թելադրում են բացառիկ ուշադրություն դարձնել կոլեկտիվ տնտեսությունների հանրայնացված գույքը հրդեհներից պահպանելու գործին։

Աչքի ունենալով, որ գյուղում հրդեհները զարգանում են ավելի ուժեղ թափով, քան քաղաքներում, որ գյուղական հրդեհների ավերածություններն ավելի մեծ են, որ սոցիալիստական սեկտորում կուտակված են հսկայական արժեքներ եւ շուտ բռնկվող նյութեր, եւ որ գյուղական վայրում հրդեհային պահպանության գործը գտնվում է անկազմակերպ վիճակում, ուստի անհրաժեշտ է, որ կոլեկտիվ տնտեսություններում բավարար չափով կազմակերպվի հակահրդեհային պահպանության գործը։

Ներկայումս մենք հարկ եղած քանակով հրշեջ հրահանգիչներ չունենք, որպեսզի ապահովենք յուրաքանչյուր գյուղ կամ կոլտնտեսություն, իսկ նրանց պահելը չափազանց թանկ կարժենար, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այդ գործին ներգրավվեն կոլտնտեսականները եւ աշխատավոր գյուղացիությունը։

Այդ նպատակով Կոմունալ տնտեսության ժողկոմատը կոլտնտեսություններում կոլտնտեսականներից գտնում է մի այնպիսի անձնավորություն, որն աշխատում է գրասենյակում կամ գյուղի սահմաններում։

Պետք է նշանակել հրդեհային հրահանգիչ, իսկ խոշոր կոլտնտեսություններում՝ անդամ հանդիսացող բոլորովին ազատ հրահանգիչ։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր կոլտնտեսության մեջ իրենց իսկ կոլտնտեսականներից, գյուղի բատրակներից ու չքավորներից պետք է կազմակերպել կամավոր հրշեջ-խումբ, որն աշխատելու  է հրահանգչի ղեկավարությամբ։

Հրահանգիչները եւ հրշեջ-կամավոր խումբը հնարավորություն կունենան բավարար չափով աշխատել այն դեպքում, եթե իրենց տրամադրության տակ ունենան անհրաժեշտ հակահրդեհային սարքավորում եւ ծանոթ լինեն կրակը մարելու տարրական կանոններին։

Ելնելով վերոհիշյալից՝ կոմունալ տնտեսության ժողկոմատն անհրաժեշտ է գտնում՝

  1. Կոլտնտեսություններում հրդեհների դեմ հաջող պայքար մղելու գործում մասնակից դարձնել իրենց կոլտնտեսականներին, որոնց պատրաստման համար առաջիկայում անհրաժեշտ է բացել կարճատեւ դասընթացներ։
  2. Կարճատեւ հրդեհային դասընթացները կազմակերպել Հանրապետական հրշեջ վարչությանն առընթեր։
  3. Դասընթացները կազմակերպել Հողժողկոմատի եւ Կոլտնտկենտրոնի միջոցով։

Ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը՝ խնդրում ենք այն շտապ քննության առնել եւ հաստատել։

 

Կոմտնտժողկոմ՝ (Յաղուբյան)

Ի․Տ․ Հրշեջ տնտեսության պետի (Մարտիրոսյան)

 

Կոմտնտժողկոմատին, Հանրապետական հրշեջ վարչությանը, Հողժողկոմատին, Կոլտնտկենտրոնին, Ֆինժողկոմատին ուղղված քաղվածք՝ ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի կարգադրիչ նիստի N 30 արձանագրությունից

Հոկտեմբերի 22, 1932 թ

 

ԼՍԵՑԻՆ

Կոլտնտեսություններում հրդեհների դեմ պայքարն ուժեղացնելու եւ կոլտնտեսականների համար կարճատեւ դասընթացներ կազմակերպելու մասին (զեկ․՝ Յաղուբյան)։

ՈՐՈՇԵՑԻն

  1. Հավանություն տալ կոլտնտեսություններում հակահրդեհային պահպանության վերաբերյալ Կոլտնտժողկոմատի կողմից մշակված ձեռնարկումներին
  2. Կոլտնտեսությունների կամավոր հրշեջ խմբերը հրահանգիչներով ապահովելու համար Հանրապետական Հրշեջ վարչությանը կից Պետապի, Հողժողկոմատի եւ Կոլտնտկենտրոնի հաշվին կազմակերպել 2-ամսյա դասընթաց։
  3. Առաջարկել Կոլտնտկենտրոնին
  • Ֆինժողկոմատի հետ միասին մշակել հիշյալ դասընթացն անհրաժեշտ միջոցներով ապահովելու հարցը
  • Հիշյալ դասընթացի կազմակերպչական պլանը համաձայնեցնել Կոմտնտժողկոմատի հետ

 

  1. Սահմանել, որ հիշյալ դասընթացները պետք է կազմակերպվեն 1933 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։

 

Ժողկոմխորհի նախագահի տեղակալ՝  Ն․ Կուրսել

Ժողկոմխորհի գործերի կառավարիչ՝  Ի․ Կարապետյան

Ժողկոմխորհի արձ մասի վարիչ՝ Ա․ Արուշանյան

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ․Գ․ Արխիվային փաստաթղթերը տրամադրել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը։ Կարդացեք նաեւ.

Հրդեհային պաշտպանության պատմությունից

Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները՝ ցարական Ռուսաստանում

Հրդեհային տեխնիկների ուսուցումը՝ ցարական Ռուսաստանում. Մաս 1

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 2

Հրդեհային տեխնիկների ուսուցումը ցարական Ռուսաստանում․ Մաս 3

Հրշեջների աջակցության «Կապույտ խաչի» միությունը

«Պայքար կրակի դեմ»․ գիրք՝ հրշեջ գործի մասին

Կայսերական ցուցահանդես՝ նվիրված առաջին օգնությանը