Գլխավոր Վերլուծություն Վերապատրաստում Ճապոնիայում. Հանրային իրազեկման NHK-ի փորձը

Վերապատրաստում Ճապոնիայում. Հանրային իրազեկման NHK-ի փորձը

2528
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ ջանքերով իրականացվող «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավում» ծրագրի շրջանակներում  Ճապոնիայում վերապատրաստվող հայաստանցիներին ներկայացվեց նաեւ Ճապոնական հանրային NHK հեռտուստաընկերության փորձը: Բանախոսը NHK-ի հեռարձակման մշակույթի հետազոտական ինստիտուտի մեդիա հետազոտությունների եւ կրթական ծրագրերի բաժնի ավագ գիտաշխատող Սայակա Իրիեն էր:

Ճապոնական հանրային NHK հեռտուստաընկերությունը հիմնադրվել է 1926 թվականին՝ Տոկիո, Օսակա, Նագոյա քաղաքների ռադիոկայանների միավորման միջոցով եւ հեռարձակվել միայն մեկ ռադիոհաճախությամբ՝ NHK Radio 1: Ճապոնական NHK-ը բրիտական BBC-ի սկզբունքներով է գործում՝ բաժանորդները վճարում են ռադիո եւ հեռուստահաղորդումներին հետեւելու համար: Նույն իմաստն ունեն NHK եւ BBC հապավումները՝ Nippon Hoso Kyokai՝ Japan Broadcasting Corporation եւ British Broadcasting Corporation՝ ճապոնական հեռարձակող կորպորացիա եւ բրիտանական հեռարձակող կորպորացիա:

Մեկ ռադիոկայանով հիմնադրված NHK-ն այսօր հեռարձակվում է երկու հեռուստալիքով՝ NHK General TV եւ NHK Educational TV, չորս արբանյակային ալիքով՝ NHK BS-1, NHK BS-4K, BS-8K, NHK BS PREMIUM, երեք ռադիոալիքով՝ NHK Radio 1, NHK Radio 2, NHK FM: Արտասահմանյան լսարանի համար գործում է NHK World ծառայությունը՝ երեք ալիքով՝ NHK World Japan, NHK World Premium, NHK World Radio Japan: NHK-ը նաեւ համացանցային հեռարձակում ունի, ողջը միասին 22 լեզվով: NHK-ի տարեկան բյուջեն մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլար է: Այսօր NHK-ը պայմանագիր ունի ավելի քան 40 միլիոն հեռուստադիտողի հետ: Պետությունը կորպորացիային տալիս է տարեկան մոտ 1 միլիոն դոլար՝ արտասահմանյան լսարանի համար հեռարձակում ապահովելու նպատակով:

Բացի հեռուստա եւ ռադիո հաղորդումներ պատրաստելուց, ճապոնական հեռարձակող կորպորացիայի կազմում 1930 թվականից գործում են գիտահետազոտական լաբորատորիաներ եւ իսկ 1946 թվականից՝ հեռարձակման մշակույթի հետազոտական ինստիտուտ: Ճապոնացիների համար NHK-ը ազգային արժեք է:

1997 թվականին ընդունված եւ պարբերաբար լրամշակվող (վերջին անգամ թարմացվել է 2020 թվականին) «NHK-ի հեռարձակման ուղեցույցում» հստակ արձանագրված է, որ աղետների ռիսկի նվազեցումը, հետեւանքների մեղմացումը NHK-ի առաքելությունն է եւ կորպորացիան կարեւորելով այս առաքելությունը անելու է ամեն հնարավորը կյանքեր եւ նյութական բարիքներ փրկող տեղեկություններ տարածելու համար: Սայակա Իրիեի խոսքով, «Հեռարձակման ուղեցույցը» իրենց Աստվածաշունչն է, NHK-ի պատմությունն էլ աղետների լուսաբանման պատմություն է: Ինչպես պետությունն է ամեն աղետից հետո կատարելագործում են այն ինչ գիտի, այնպես էլ NHK-ը ամեն աղետից հետո վերացնում է արձանագրված թերությունը: Օրինակ 1923 թվականին, երբ NHK-ը դեռ չկար, Կանտո շրջանում (այստեղ է մայրաքաղաք Տոկիոն) տեղի ունեցած երկրաշարժից հետո լուրեր եղան, թե կորեացիները դիակապտությամբ են զվաղվում: Ճապոնացիները մոտ 6 000 կորեացու սպանեցին, հետո պարզվեց, որ դիակապտության մասին լուրը սուտ էր: Սա դաս էր: Ու երբ 2016-ին Կումամոտոյում երկրաշարժից հետո սոցցանցերով լուրեր եւ լուսանկար տարածվեցին, թե կենդանաբանական այգուց առյուծ է փախել, NHK-ի լրագրողները շատ արագ պարզեցին ու հանրությանը իրազեկեցին, որ դա պարզ ապատեղեկատվություն է, լուսանկարն էլ արված է Աֆրիկայի մի քաղաքում: 1990 թվականին Ունզեն հրաբուխի ժայթքումից հետո 44 մարդ զոհվեց՝ տաքսու վարորդ, լրագրող, փրկարար: Սրանից հետո մշակվեց աղետի լուսաբանման անվտանգության կարգը: Այսօր NHK-ի լրագրողները աղետի գոտի են գնում բացառապես հատուկ պաշտպանիչ հանդերձով՝ սաղավարտ, երկարաճիտ կոշիկ եւ այլն, նկարահանումների համար օգտագործվում է անօդաչու թռչող սարք: Ճապոնիայում 70 տոկոս ճշտությամբ կարողանում են կանխատեսել սողանքը, 2011 թվականին NHK-ը հանրությաննն իրազեկել էր, որ սողանքի մեծ հավանականություն կա, սակայն շատերը չէին հեռացել ու զոհեր եղան: Դրանից հետո պարզ էր, որ աղետի մասին պարզապես ահազանգել-իրազեկելը արդյունավետ չէ, պետք է խոսել նաեւ պաշտպանվելու կարեւորության մասին: Այդպես էլ արեցին ու արդյունքում՝ 2016 թվականին Կումամոտոյում երկրաշարժից ամենաքիչ զոհեր եղան Նիշիհարա գյուղում, որովհետեւ գյուղում պարբերաբար վարժանքներ էին կազմակերպվել, իսկ աղետից հետո գյուղացիները փրկարարական աշխատանքներ էին սկսել, մինչ կժամանեն պրոֆեսիոնալ փրկարարները:

NHK-ը համալրվում եւ կատարելագործվում է նաեւ տեխնիկապես: Այսօր կորպորացիան ունի սեյսմիկ տատանումները չափող սեյսմոմետրերի սեփական ցանց՝ 73 սեյսմոմետր, մարդաշատ վայրերում՝ կայարան, նավահանգիստ, օդանավակայան եւ այլն, տեղադրված տեսախցիկների ցանց՝ 700 տեսախցիկ, 15 ուղղաթիռ՝ 12 բազայում: Բացի սրանից, NHK-ը օգտվում է օդերեւութաբանական ծառայության սեյսմոմետրերի ցանցից, կորպորացիային տեղեկություններ են տրամադրում բոլոր նախարարությունները: Ճապոնիայում գործում է աղետների դեմ պայքարի կենտրոնական խորհուրդ, որի նախագահը վարչապետն է: Անդամներն են բոլոր նախարարները, պետական որոշ գերատեսչությունների ղեկավարներ, Ճապոնիայի խոշորագույն կապի օպերատորը՝ NTT-ն եւ NHK-ը: Համայնքային իշխանությունը պարտավոր է NHK-ի՝ աղետի գոտում գտնվող աշխատակիցներին աշխատանքային սենյակ տրամադրել:

NHK-ի 54 մասնաճյուղում աշխատում է 17 000 մարդ: NHK-ում ամեն օր աղետի մասին հանրությանը իրազեկելու վարժանք է կազմակերպվում: Եթերում՝ հեռուսադիտողի էկրանին, անկախ եթեր գնացող նյութից, հայտնվում է աղետի վայրի քարտեզը եւ մոտավոր ուժգնությունը: Այս ամենն ուղեկցվում է հատուկ մշակված ձայնով, որը չես շփոթի հեռախոսազանգի կամ ասենք լվացքի մեքենայի ազդանշանի հետ: Լուրերի մեկնաբանը պետք է առավելագույնս հանգիստ, բայց միաժամանակ լուրջ եւ առանց խուճապային տրամադրության, հայտնի երկրաշարժի մասին: Ամեն վարժանքից հետո լուրերի խմբագիրն ու լրագրողները քննարկում են բոլոր հարցերը, հնարավոր թերացումները վերացնելու ելքեր նշում: Իսկական աղետի դեպքում քարտեզը էկրանին է հայտվում աղետից մեկ վայրկյան անց: NHK-ը «Զուգահեռ Տոկիո» վերնագրով սերիալ է նկարահանել, որը ներկայացնում է աղետներին պատրաստ լինելու կարեւորությունը եւ աղետի ժամանակ լրագրողի աշխատանքի բարդությունը:

«NHK-ի հեռարձակման ուղեցույցով» աղետների լուսաբանման պարտադիր սկզբունքներ են սահմանված. հարգիր տուժածների զգացմունքները (փլուզված շենքը ավերակ կամ շինաղբ չէ, այլ մարդու կորցրած ունեցվածք), հետեւիր սեփական անվտնագությանդ, նույն վայրից մի քանի ռեպորտաժ մի արա, մի խանգարիր տարհանվողներին, եթե գիշերային ժամերին պիտի աշխատես, բացառիր քնած մարդկանց խանգարելու հավանականությունը եւ այլն:

«Աղետների կանխարգելման մասին» օրենքով եւ NHK-ի որդեգրած սկզբունքներով են աշխատում նաեւ մարզային հեռուստաընկերությունները: Կոբե, Օսակա քաղաքներում եւ հարակից բնակավայրերում հեռարձակվող MBS (Mainichi broadcasting system) հեռուստաընկերության լուրերի գլխավոր խմբագրի տեղակալ Չիսակո Օմուտայի խոսքով, մարզային լրատվամիջոցները ֆինանսական միջոցները արդյունավետ օգտագործելու համար պարտավորվել են աղետի ժամանակ մեկ ուղղաթիռ վարձակալել, որով բոլորի համար տեսանյութեր կնկարվեն: Իսկ մնացած դեպքերում՝ իրենք մրցակիցներ են: Այստեղ լուսաբանման երկու տեսակ են առանձնացնում. թռչնի աչքով՝ աղետի գոտուց դուրս գտնվող լրագրողի նյութ եւ միջատի աչքով՝ աղետի գոտում գտնվող լրագրողի նյութ:

Ճապոնիայում աղետների լուսաբանումը չորս փուլի է բաժանված. աղետից առաջ ահազանգել, իրազեկել եւ խոսել պաշտպանվելու կարեւորության մասին, աղետից անմիջապես հետո խոսել վնասների մասին, վերականգնման ժամանակ խոսել իրականացվող ծրագրերից եւ վնասների ճշտված չափերից, խաղաղ ժամանակ խոսել աղետների ռիսկի նվազեցման կարեւորության մասին: Աղետների լուսաբանումը երբեք չի ավարտվում, վստահ են Ճապոնիայում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Տոկիո-Կոբե-Երեւան

Լուսանկարները՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության: Գլխավոր լուսանկարում NHK-ի ներկայացուցիչ Սայակա Իրիեն է: Երկրորդ լուսանկարում հայաստանցի վերապատրաստվողների մի մասը ծրագրի ղեկավար Քոիչի Շիվակուի (ձախից՝ առաջինը) եւ MBS-ի ներկայացուցիչ Չիսակո Օմուտայի հետ (ձախից երկրորդը):

Հ.Գ. Ճապոնիայում վերապատրաստման մասին կարդացեք նաեւ՝

Մարդը չի կարող արձագանքել նրան, ինչը չի պատկերացնում