Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կինը տեղափոխվել է կանանց աջակցման կենտրոն

Կինը տեղափոխվել է կանանց աջակցման կենտրոն

1568
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ  450 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 198 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 20 կեղծ կանչ: Վանաձորի «Կոնգո» կոչվող գերեզմանատան հարակից սարալանջում, Գոգավան-Նորաշեն ավտոճանապարհին հարակից հանդամասում, Լեռնահովիտ գյուղում բռնկված հրդեհների մարման ժամանակ փրկարարներին աջակցել են տեղի բնակիչներն ու անտառտնտեսության աշխատակիցները:

Փրկարարները 123 կենցաղային կանչ են ստացել, որից 95-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Նոր Նորք վարչական շրջանների եւ Լոռու ու Սյունիքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 54 մեքենա (120 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Երեւանի «Հաղթանակ» կամրջին քաղաքացին փորձում է ինքնասպան լինել ՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ քաղաքացին հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եւ ցանկանում  է լրագրողներ հրավիրել՝ իր խնդիրների լուսաբանման համար: Հոգեբան-փրկարարը զրուցել է քաղաքացու հետ, հետո նա տեղափոխվել է ոստիկանություն: Արաբկիրի փրկարարներն հազանգ են ստացել, որ մի կին իր չորս տարեկան երեխայի հետ ցանկանում է տեղափոխվել կանանց աջակցման կենտրոն: Հոգեբան-փրկարարը զրուցել է կնոջ հետ, հետո ոստիկանները մորն ու երեխային տեղափոխել են կանանց աջակցման կենտրոն: