Գլխավոր Նորություններ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ

ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ

826
Տարածել

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում երեխաները և տարեցները խոցելի շերտ են, առավել ևս, եթե ոչ թե ընտանիքում են, այլ՝ հատուկ հաստատությունում՝ մանկատանը կամ տունինտերնատում:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը կարևորում է բնակչության բոլոր շերտերի շարունակական ուսուցումը, ինչը նպաստում է սեյսմիկ անվտանգության մշակույթի ձևավորմանը:

Ծնողազուրկները և տարեցները բարոյապես և ֆիզիկապես կախման մեջ են վստահված անձերից` դաստիարակներից ու դայակներից: Կարևոր է, որ այդ վստահված անձինք ունենան բավարար կարողություններ, հմտություններ և ունակություններ` երկրաշարժի դեպքում ստեղծված արտակարգ իրավիճակին դիմակայելու համար: Հայաստանում կան մանկատներ ու տուն-ինտերնատներ, որ անմխիթար վիճակում են: Ու սա սեյսմիկ անվտանգության և աղետների հանդեպ ծնողազուրկների և տարեցների կայունությանը վնասող գործոն է:

Կարևոր է մանկատներում և ծերանոցներում ընտանեկան տիպի հարաբերությունների և արտակարգ իրավիճակներում փոխօգնության շեշտադրմամբ, երեխաների ու տարեցների առանձնահատկությունների և կարիքների հաշվառմամբ ուսուցման ու տագնապ-վարժանքների անցկացումը: Ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և հարցուպատասխանի ձևով, իսկ տագնապ-վարժանքները՝ պատսպարման կամ տարհանման ձևով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատներում և ծերանոցներում մշտապես ապրողներից շատերն ունեն ֆիզիկական և/կամ հոգեբանական բնույթի խնդիրներ:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները մշակել են երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ հատուկ կարիքավոր մարդկանց և նրանց խնամակալների համար, որտեղ առանձին ուշադրություն է հատկացված մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող անձանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և նրանց պաշտպանությունը կազմակերպելու խնդրին:

Ուսուցումը պետք է կառուցել 4 հիմնական հարցերի պատասխանների հիման վրա.

  1. Ինչպե՞ս են հատուկ կարիքներով մարդիկ (խուլ, կույր, համր) տեղեկանում աղետի մասին:
  2. Ինչպե՞ս կարող է աղետն ազդել նման մարդկանց և նրանց շրջապատի վրա:
  3. Ի՞նչ գիտելիքներ ունեն նրանք այն աղետների մասին, որոնք բնորոշ են տվյալ տարածաշրջանին:
  4. Որո՞նք են հատուկ կարիքներով մարդկանց պաշտպանիչ գործողությունները մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո:

Առաջարկվող մեթոդիկան ունի հետևյալ առանձնահատկությունները.

  • ընտրված հրահանգները հակիրճ են,
  • արվում են համապատասխան շեշտադրումներ,
  • զերծ են ավելորդ տեղեկություններից,
  • ուղղված են ինքնուրույն գործելու կարողություններ ունեցող մարդկանց:

Մեթոդիկայի մատուցման մեջ առանձնացվում են.

  • ուսուցման փուլայնությունը, երբ ուսուցումից հետո կազմակերպվում է տագնապ-վարժանք,
  • ուսուցման պարբերականությունը. ցանկալի է տարվա ընթացքում այն կրկնել:

Բոլոր մանկատների տնօրեններն ասում են, որ իրենց դերն առավել քան կարևոր է, քանի որ փոքր և հիվանդ երեխաների դեպքում իրենք պետք է ուղղորդեն նրանց արտակարգ իրավիճակներում: Տուն-ինտերնատների տնօրենները նույնպես ընդգծում են, որ իրենց մոտ բնակվող տարեցները հատուկ վերաբերմունքի կարիք ունեն:

Ուսուցանման մեր երկարամյա փորձը ցույց է տալիս, որ դասախոսությունների ժամանակ օպտիմալը երկու զեկուցումն է, առանձին դեպքերում՝ երեքը, քանի որ լսարանը հոգնում է և դժվար ընկալում տեսածն ու լսածը: Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները եղել են բազմաթիվ հատուկ հաստատություններում (Երևանի Մարի Իզմիրլյան պետական մանկատուն, Երևանի «Մանկան տուն» պետական մանկատուն, Նոր Խարբերդի պետական մանկատուն, Գյումրիի «Երեխաների տուն», Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կենտրոն, Վանաձորի մանկատուն, Սպիտակի մանկատուն, Երևանի թիվ 1 պետական տուն-ինտերնատ, Երևանի Նորքի պետական տուն-ինտերնատ, Գյումրիի տուն-ինտերնատ, Վանաձորի տարեցների) և սեյսմիկ պաշտպանության ուսուցանման ու կազմակերպման բարելավմանն ուղղված առաջարկներ ու դիտողություններ արել: Օրինակ, միջանցքի պատերին կան տարհանման սլաքներ և տարհանման սխեմաներ: Այդ սխեմաները պետք է լինեն նաև սենյակներում: Լինեն արտակարգ իրավիճակների համար նախատեսված աստիճաններ և այլն:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շահառուներին են փոխանցել ծառայությունում մշակված նյութերը, որոնց յուրացումը և կիրառումը կնպաստի սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված հետագա գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ պատրաստ ուժեղ երկրաշարժին և անել ամեն ինչ, որպեսզի այն չվերածվի աղետի:

 

Հրապարակումը պատրաստվել է Հրաչյա Պետրոսյանի

«Սեյսմիկ անվտանգության ուսուցումը և իրազեկումը մանկատներում և

տունինտերնատներում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված գիտաժողովին: