Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հաստատվել են հայկական ՔՈՓ թիմի հիմնական եւ պահեստային կազմերը

Հաստատվել են հայկական ՔՈՓ թիմի հիմնական եւ պահեստային կազմերը

779
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի հրամանով հաստատվել են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) արտաքին որակավորում անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի հիմնական եւ պահեստային կազմերը: Յուրաքանչյուր կազմում ընդգրկված է 50 փրկարար: Հիմնական թիմի հրամանատարը փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Նաղդալյանն է, պահեստային թիմի հրամանատարը՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը: Թիմերում ընդգրկված են փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մասնագետներ՝ լեռնափրկարար, բժիշկ, կինոլոգ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային աղտոտվածության մոնիթորինգի մասնագետ եւ այլն:

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Այսօր աշխարհում տարբեր երկրների ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Սակայն նման բարձր կարգի փրկարարներ ունենալու հարցով հետաքրքրված է ավելի քան 50 երկիր: Շատ երկրներ (Կիպրոս, Հուսատան, Մալթա, Նորվեգիա եւ այլն) թիմեր ձեւավորել են, բայց դեռ չունեն INSARAG-ի արտաքին որակավորում: Շատ երկրներ էլ (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ավստրիա եւ այլն) ունեն արտաքին որակավորում ունեցող մեկից ավելի թիմ ու նոր թիմեր են ձեւավորում:

INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Սրանից բացի Հայաստանն ունի ներքին՝ ազգային որակավորում ունեցող ՔՈՓ չորս թիմ՝ Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում: INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորվում են: Հայկական ՔՈԹ թիմի վերաորակավորումը նախատեսված է այս տարի՝ 2020 թվականին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ