Գլխավոր Ուսուցողական նյութեր Սննդամթերքի առեւտրում առկա ռիսկերը Հայաստանի Հանրապետությունում

Սննդամթերքի առեւտրում առկա ռիսկերը Հայաստանի Հանրապետությունում

2276
Տարածել

Մի շարք հատուկ վտանգավոր հիվանդությունների համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ ողջ աշխարհում: Հայաստան զոոնոզ հիվանդությունների ներթափանցման վտանգ կա Թուրքիայից, Իրանից, Ադրբեջանից եւ Վրաստանից։

2000 թվականից մինչ օրս մեր երկրում արձանագրվել են Դաբաղ հիվանդության, խոզերի աֆրիկական ժանտախտի եւ բրուցելյոզի բռնկման դեպքեր։ Այժմ առկա է բրուցելյոզի, մանր եղջերավոր կենդանիների ժան­տախտի, բլութանգի, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար դերմատիտի (մաշկաբորբ) ներթափանցման վտանգ:

Մեկ կամ մի քանի հիվանդությունների ներթափանցման վտանգի իրական ռիսկեր են առաջանում կենդանիների եւ կենդանական ծագման մթերքների տեղաշարժի ժամանակ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրների միջեւ: Վերջին տարիներին գյուղատնտեսական ապրանքների միջազգային առեւտրում ակտիվորեն օգտագործվում է ռիսկերի վերլուծությունը:

Այն իրականացվում է փաստաթղթերի վերլուծության, մեթոդական սխեմաների, հրատարակված արդյունքների հիման վրա: Կենսաբանական գիտության բնա­գավառում ռիսկերի գնահատման ուղղությամբ գործում են միջազգային մեթոդներ եւ ռիսկերի գնահատման ուղեցույցներ, որոնք բխում են «Կոդեքս Ալիմենտարիուս» կազմակերպության, պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), առող­ջա­պահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), կենդանիների առողջու­թյան համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) եւ միջազգային համապատասխան տարածքա­յին կազմակերպության, բույսերի պաշտպանության միջազգային կոմիտեի (ԲՊՄԿ) սահմանած դրույթներից։

Վերլուծելով «Կոդեքս Ալիմենտարիուս»-ի, ԿԱՀԿ-ի եւ ԲՊՄԿ-ի ռիսկերի գնահատման կառուցվածքը՝ նկատում ենք ռիսկերի գնահատման տարբեր մոտեցումնե­ր, որոնք, ըստ էության, ընդգրկում են նույն հիմնախնդիրները.

  • ի՞նչը կարող է բացասական ազդեցություն ունենալ
  • ինչպե՞ս դա կարող է վնասել
  • ո՞րն է բացասական ազդեցության հավանականությունը
  • որո՞նք են հետեւանքները
  • որո՞նք են բացասական ազդեցության նախադրյալները:

Այս կազմակերպությունների կողմից օգտագործվող ռիսկերի գնահատման կառուց­վածք­ները տարբերվում են մեկը մյուսից: Օրինակ, ԿԱՀԿ-ը եւ ԲՊՄԿ-ը հիմնականում իրենց ուշադրությունը կենտրոնացնում են կենդանիների, կենդանական ծագման մթերքների, բույսե­րի ներմուծման ժամանակ առաջացած ռիսկերին, իսկ «Կոդեքս Ալիմենտարիուսը»՝  ներքին ռիսկերին կամ հստակ արտադրված մթերքի կազմի հետ կապված ռիսկերին: Երեք կազմակերպություններն էլ վտանգը սահմանում են որպես բնակչության թիրախա­յին խմբի առողջության վրա անբարենպաստ հետեւանքներ թողնելու կամ դրան վնաս հասցնե­լու պատճառ:

Ըստ «Կոդեքս Ալիմենտարիուսի»՝ «ռիսկ» տերմինը սննդամթերքի մեջ եղած կոնկրետ նյութերի վտանգավոր ազդեցությունն է առողջության վրա: ԿԱՀԿ-ի ձեւակերպմամբ՝ ռիսկը դիտարկվում է ոչ միայն որպես կենսաբանական, այլ նաեւ տնտեսական հետեւանք։ Նմանատիպ որոշում է տալիս ԲՊՄԿ` ներգրավելով տնտեսական հետեւանքները, որոնք կապված են վնասատուների ներմուծմամբ, ներդրմամբ եւ տարածմամբ:

«Կոդեքս ալիմենտարիուսի» ռիսկերի գնահատման սահմանումը տարբերվում է ԿԱՀԿ եւ ԲՊՄԿ սահմանումներից՝ ռիսկի որակական եւ քանակական գնահատումով, իսկ ԲՊՄԿ-ը, օրինակ, ռիսկերի գնահա­տումը տարբերակում է կարանտինային եւ ոչ կարանտինային վնասատուների (ագենտ­ների) համար

Կան նաեւ տարբեր հեղինակների՝ սեփական հետազոտության վրա հիմնված բնորոշում­ներ: Օրինակ` Լ․ Գրատը ռիսկը սահմանում է որպես «մարդու կյանքի, առողջության, ունեցվածքի կամ շրջակա միջավայրի վրա անցանկալի, անբարենպաստ հետեւանքների իրաց­ման ներուժ»: Ռ․ Քայթսը եւ Ջ․ Կասպերսոնը ռիսկը համարում են «անսպասելի վտանգի չափ»։ Վ․Կովելլոն եւ Մ․ Մերխոֆերը ռիսկը մեկնաբանում են որպես իրավիճակ կամ գործողություն, երբ հնարավոր են բազմաթիվ արդյունք­ներ՝ անորոշ, անցանկալի։

Ընդհանուր առմամբ՝ անասնաբուժության, սանիտարիայի, ֆիտոսանիտարիայի ժամանակակից ասպարեզում ռիսկերի գնահատումը հանդիսանում է օգտակար միջոց (գործիք): Մեր երկիրը համագործակցում  է առեւտրի միջազգային կազմակերպության հետ: Համաձայն այդ կազմակերպության պահանջ­նե­րի՝ ներմուծման եւ արտահանման չափորոշիչները պետք է լինեն հիմնավորված եւ հստակ ձևակերպված, իսկ անհիմն մերժված գործառույթները ենթակա են սանկցիաների եւ տուգանք­ների: Այսպիսով, համագործակցության մակարդակի բարձրացումը ռիսկերի գնահատման ընթացակարգում բերում է կանխարգելման օպերատիվության։

 

Հոդվածը պատրաստվել է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացված «Կենդանիների եւ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման եւ արտահանման աշխատանքների ժամանակ իրականացվող ռիսկերի վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի հիման վրա։ Հեղինակներ՝ Սննդամթերքի ան­վտան­­գության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոնի անասնաբուժական գիտությունների դոկտոր Խաչիկ Սարգսյան, անասնաբուժական գիտությունների դոկտոր Վարդուհի Հակոբյան, գիտաշխատող Հասմիկ Էլբակյան եւ հայցորդ Հրանտ Դանիելյան։