Գլխավոր Սպիտակ-30 Աղետի լույսն ու խավարը

Աղետի լույսն ու խավարը

2106
Տարածել

Սպիտակի երկրաշարժից հետո Երեւանի Շինարարների վերապատրաստման ինստիտուտը՝ Խորհրդային Միության տարածքում 6 մասնաճյուղերից մեկը, կենսապահովման հարցերով էր զբաղվում՝ տուժած համայնքներում կառուցելով վրանային տարածքներ, բաշխելով ծածկոցներ։

Ինստիտուտի տնօրենի նախկին տեղակալ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի հուշերում ժապավենի պես ձգվում են Սպիտակ-Գյումրի քարուքանդ ճանապարհը եւ բլուրը, որը մի քանի օրում ծածկվեց գերեզմաններով։ «Նալբանդի հանդիպակաց Ղարալ գյուղում էինք։ Աղմուկ լսեցի․ տեսնեմ՝ տեղաբնակներից մեկը վիճում է տղաների հետ եւ պահանջում իր այգու կիսաժանգոտ լարը, որով վրանը սեպին էինք ամրացրել։ Երբ դեպի ինձ շրջվեց, հասկացա, որ հայացքը դատարկ է, այնտեղ կյանք չկա։ Տղամարդը ո՛չ լսում էր, ո՛չ հասկանում։ Վիճելն անիմաստ էր․ լարը հետ տվեցինք»,- վերհիշում է գեներալը։

Փրկարարական աշխատանքներն ու մարդասիրական օգնության բաշխումը որեւէ  համայնքում համակարգված չէին։ Չկային օտար լեզվով թարգմանիչներ, որոնք կօգնեին հաղորդակցվել եւ «փրկարարի լեզվով խոսել»  արտասահմանից ժամանած մասնագետների հետ։ Չիմացության պատճառով բավական կորուստներ եղան։ Առանց մաքրման աշխատանքների ամբարձիչ կռունկը բարձրացնում էր փլատակները, եւ տուժածները փոշուց շնչահեղձ էին լինում։ Ցավալի էր դագաղների սակավության խնդիրը․ մարդիկ օրեր շարունակ չէին կարողանում հարազատի դին հողին հանձնել։

Այդ օրերին վիրավորներին տանում էին ուր պատահեր․ հաշվառում չէր կատարվում, չկար տեղեկություն նրանց հանգրվանի մասին։ Շուտով քաղաքը պատվեց անհետ կորածների լուսանկարներով, լրագրերում հայտնվեցին հայտարարություններ։

Շինարարների վերապատրաստման ինստիտուտի ջանքերով տարբեր պատվիրակություններ էին այցելում Հայաստան։ Համլետ Մաթեւոսյանը նշում է՝ մարդասիրական օգնությունը դեգրադացրել էր բնակչությանը․ «Գյումրիում մարդիկ սկսեցին գերմանացիների փեշերից կախվել եւ օգնություն մուրալ: Մեծ ցավ էր այս ամենի ականատեսը լինելը։ Սպիտակում նմանատիպ երեւույթ երեխաների շրջանում հանդիպեցինք։ Երբ գերմանական պատվիրակության ղեկավարը հարցրեց՝ ինչ է պետք առաջնահերթ անել աղետի գոտու համար, ասացի՝ աշխատատեղ ստեղծեք, որ ապրուստ վաստակեն»:

1989 թվականի մարտից մեկնարկեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից եւ այլ երկրներից ժամանած շուրջ 1500 շինարարների ուսուցումը՝ նոր կառուցվող շենքերի շինարարական որակը բարձրացնելու նպատակով։ Ինստիտուտը սեյսմիկ գնահատման աշխատանքներ եւ ուսումնասիրություններ կատարեց մի շարք տուժած համայնքներում։ Գեներալի խոսքով՝ լինելով համամիութենական ուսումնական հաստատություն՝ 1989-1991 թվականներին նրանց հաջողվեց մյուս մասնաճյուղերի հետ համատեղ հասցնել շինարարության փոփոխված նորմատիվների փաթեթը մինչեւ կենտրոնական նախարարություն։ Սկիզբ դրվեց սեյսմոշրջանացման նոր գործընթացի։

Այսօր Հայաստանն ունի փրկարարական ներուժ, տեխնիկա եւ փորձ, փլատակների դառնահամ փոշու միջից մարդ փրկող դողդոջուն ձեռքերով եւ կյանքի անընդհատության հանդեպ լավատեսությամբ կերտած պատմություն։

«Խեղված մտածողություն է, իբրեւ քաղաքացու անվտանգության խնդիրը  միայն պետությանն է։ 31 տարի առաջ մենք բախվեցինք մի խնդրի, որ մարդ կարող է բժշկական կրթություն ունենալ, բայց ոչ՝ առաջին օգնության հմտություններ։ Աղետների ռիսկի նվազեցման ուսուցման հարցում մենք մեր ճանապարհն ենք հարթել, փոխել կրթական համակարգը։ Սակայն եթե չստեղծենք միջավայր, գիտելիքը չի կարող կիրառվել»,- ամփոփում է ՃԿՊԱ ռեկտորը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ