Գլխավոր Միջոցառումներ Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը՝ աղետի ռիսկի  կառավարման գործոն

Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը՝ աղետի ռիսկի  կառավարման գործոն

2494
Տարածել

Հունվարի 16-17-ը «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոնի նախաձեռնությամբ ընթանում է «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) դերը եւ կիրառումը աղետների ռիսկի կառավարման գործընթացներում․ ALTER ծրագրի արդյունքները» խորագրով սեմինար-աշխատաժողով։ Նպատակն է ծրագրի հիմնական շահառուներին, ոլորտում որոշում կայացնողներին, գործող մասնագետներին եւ ուսանողներին ներկայացնել ծրագրի շրջանակում մշակված աշխատանքային նյութերն ու գործիքները, դրանցից օգտվելու կարգը։

Առաջին օրն ԱՏՀ մասնագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի դասախոս Աղավնի Հարությունյանը խոսեց հեռահար զոնդավորման առավելություններից, աղետների ժամանակ դրա կիրառությունից՝ հաշվի առնելով հաղորդակցության միջոցների խափանման վտանգը եւ ելնելով արագ արձագանքման կազմակերպման, վնասված ենթակառուցվածների մասին տեղեկության արագ հավաքագրման անհրաժեշտությունից։ Հեռահար զոնդավորումը թույլ է տալիս քարտեզագրել երկրաշարժը, ջրհեղեղը, երաշտը, սողանքը, սելավը, հրդեհները, հրաբուխը եւ այլ արտակարգ իրավիճակներ։

Ներկայացվեց նաեւ ՀԱՀ ԱՏՀ եւ հեռահար զոնդավորման լաբորատորիայի ընդհանուր գործունեությունը՝ հողածածկի, հողօգտագործման քարտեզագրում, անտառների եւ անտառային հրդեհների քարտեզագրում, հողի եւ ջրի որակի ուսումնասիրություն, եռաչափ մոդելների ստեղծում, հանքերի եւ պոչամբարների քարտեզագրում եւ այլն, կատարած աշխատանքները՝ Սյունիքի, Արարատի եւ Լոռու մարզերի 52 նախակրթական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքներում ծանր մետաղների ուսումնասիրություն, դահուկային եւ քայլարշավային արահետների տվյալների բազա, Կարմիր գրքի, բնական հուշարձանների եւ հատուկ պահպանվող տարածքների, հանքերի, պոչամբարների եւ այլ թեմաներով առցանց ինտերակտիվ քարտեզներ եւ այլն։

Անդրադարձ եղավ ԱՏՀ մասնագիտացված համակարգչային ծրագրային փաթեթին, դրա միջոցով տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ճշգրտման, վերլուծության եւ վիզուալիզացիայի հնարավորություններին։ Լաբորատորիայի մշակած ԱՏՀ գործիքն ունի մոտ 100 ԱՏՀ շերտ, տարբեր աղբյուրներից օգտվելու հնարավորություն։ Քարտեզներ ստեղծելիս այն բավական արդյունավետ է՝ խնդիրները հասկանալու, փոփոխություններն ուսումնասիրելու եւ կանխատեսումներ անելու համար։

ԱՏՀ եւ հիդրոլոգիայի փորձագետ, ՀԱՀ կողմից ALTER ծրագրի համակարգող Ալեքսանդր Առաքելյանը խոսեց ծրագրի շրջանակում Սյունիքի եւ Լոռու մարզերում առկա ջրամբարների պատվարների փլուզման դեպքում ջրհեղեղների ռիսկի վերլուծությունից, մոդելավորման մեթոդաբանությունից եւ արդյունքներից, ALTER գործընկերների մշակած Վեբ-ԱՏՀ գործիքի հնարավորություններից։ https://alter-flood-crm.aua.am

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ռիսկի նվազեցման միջոցառումների մշակման, բնակչության պաշտպանության կազմակերպման, աղետների հետեւանքների գնահատման եւ վերացման գործում  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը ներկայացրեց Բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության Աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսումների եւ ծրագրավորման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Հովհաննիսյանը։

Օրվա ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքը՝ օգտվելով ԱՌԿ գործընթացներում կիրառվող արբանյակային պատկերներից եւ հեռահար զոնդավորման տվյալների ազատ աղբյուրներից։

Հունվարի 17-ի օրակարգային թեմաներն են Վեբ-ԱՏՀ ընդհանուր դրույթներն ու ԱՌԿ գործընթացներում կիրառությունը, գեոտարածական վեբ-սերվիսները, քարտեզագրական սերվիսները, ArcGIS Online պլատֆորմը եւ այլն։  Նախատեսվում է նաեւ ALTER ծրագրի շրջանակում մշակված գործիքների եւ տարածական շերտերի կիրառության թեմայով գործնական աշխատանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաստանի ամերիկյանի համալսարանի