Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները ձորակից հանել են երկու պատանու

Փրկարարները ձորակից հանել են երկու պատանու

436
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ 351 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 93 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 22 կեղծ կանչ:

Փրկարարները 116 կենցաղային կանչ են ստացել, որից 64-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Կենտրոն, Նոր նորք վարչական շրջանների եւ Արագածոտնի ու Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 45 մեքենա (75 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Դավիթաշենի փրկարարները ահազանգ են ստացել, որ 82-ամյա տատիկի մատը այտուցվել է, մատանին դուրս չի գալիս: Հրշեջ-փրկարարները հանել են մատանին:

Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ոսկեհատ գյուղում ական է հայտաբերվել: Պարզվել է, որ հայտնաբերվածը հակագազի զտիչ է, որը հեռացվել է տարածքից:

Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, որ երկու քաղաքացի գնացել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի հյուսիս-արևելյան հատվածի ձորակը եւ ինքնուրույն չեն կարողանում վերադառնալ: Հրշեջ-փրկարարները ձորակի քարանձավային հատվածից դուրս են բերել 14 եւ 15 տարեկան երկու պատանու: