Գլխավոր Վերլուծություն Կամավոր ջոկատներ․«Սպիտակ»

Կամավոր ջոկատներ․«Սպիտակ»

486
Տարածել

Խորհրդային միությունում կամավորական շարժումը զարգանում էր տարերայնորեն։Կային այսպես կոչված ժողովրդական կամավորներ, որոնք ոստիկանների հետ երեկոյան շրջում էին փողոցներով եւ հերթապահություն իրականացնում՝ հանցավորությունը կանխելու նպատակով։Հրշեջ կամավորներն առանց վարձրատրության մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին, փոխարենը որպես խրախուսանք նրանց աշխատանքային արձակուրդը երկարաձգվում էր մի քանի օրով։

Մինչ Սպիտակի երկրաշարժը Երեւանի ֆիզիկայի ինտիտուտում գործում էր լեռնագնացների ակումբ, որը բարձրադիր տեղանքներում նաեւ լեռնափրկարարական աշխատանքներ էր իրականացնում։ Սպիտակի երկրաշարժից առաջ բարձր որակավորում ունեցող 12 լեռնագնաց հատուկ դասընթացներ անցան՝ ստանալով լեռնափրկարարի կոչում։

«Երկրաշարժի օրերին մեր թիմը կազմակերպված գործեց, ամեն մեկը գիտեր իր անելիքը։ Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչները, տեսնելով մեր աշխատանքը, առաջարկեցին փրկարար կառույց հիմնել։ Որոշվեց հայ ժողովրդի համար հանգանականված 95 միլիոն մարկից մեկ միլիոնը հատկացնել նման կառույցի ստեղծմանն ու տեխնիկական ապահովմանը։1989 թվականին Սովետական եւ Գերմանական կարմիր խաչի ընկերությունների միջեւ կնքվեց պայմանագիր, որի համաձայն՝ Խորհրդային միությունը պարտավորվում էր տրամադրել տարածք եւ վառելանյութ, իսկ գերմանական կողմն ուսուցանում եւ զինում է կամավորներին»,- մանրամասնում է «Սպիտակ» փրկարար կենտրոնի հիմնադիրներից, փրկարարական ոլորտի ղեկավար Վլադիմիր Սարոյանը։

Թիմն անվանակոչվեց «Սպիտակ», համալրվեց ժամանակակից գույքսարքավորումներով։ Իր գործունեության առաջին տարիների ընթացքում կամավորների թիմը հասավ մոտ 180-ի։ Ջոկատի շատ երիտասարդներ 1991-1992 ձմռանը Ստեփանակերտի ռմբակոծման օրերին փրկարարական աշխատանքներ էին տանում եւ առաջին օգնություն ցույց տալիս տուժածներին։

Ջոկատի անդամներն իրենց ոլորտում կայացած մասնագետներ էին՝ գիտնական, բժիշկ,լրագրող եւ այլք, որոնք հիմնական աշխատանքից զատ՝ կամավորությամբ էին զբաղվում։ 1992 թվականին Հայաստանի Արտակարգ իրավիճակների վարչության պետ Ստեփան Բադալյանը, տեսնելով կամավորների ներգրավվածությունը երկրում կատարվող գրեթե բոլոր արտակարգ դեպքերին, կենտրոնի հետ պայմանագիր կնքեց, որով վերջինս ստանձնում է պատասխանատվություն փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար եւ դառնում պետական համակարգի մաս։

Կամավոր ջոկատն այսկերպ գործեց մինչեւ 1995 թվականը, երբ ԱԻ վարչությունը ոտքի կանգնեց, եւ ստեղծվեց փրկարար ծառայողների նոր սերունդ։

Կազմավորումից գրեթե 30 տարի անց «Սպիտակ» փրկարար կենտրոնը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը։ Այն միակն էր հասարակական կառույցներից, որը 2010 թ ներգրավվեց Հայաստանում անցկացված ՆԱՏՕի զորավարժություններին։Տարբեր տարիների «Սպիտակ»-ը մասնակցել է նաեւ Վրաստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Իրանում, Հնդկաստանում եւ Թուրքիայում գրանցված տարերային պատահարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Սպիտակ» փրկարար կենտրոնի պահոցից