Գլխավոր Նորություններ Էքստրեմալ հանգիստ՝ Ստեփանավանում

Էքստրեմալ հանգիստ՝ Ստեփանավանում

30704
Տարածել

Տուրիզմի ոլորտի փորձառու մասնագետներից կազմված «Լոռէ» փրկարար ջոկատը Ստեփանավանում զբոսաշրջության խթանման ակտիվ ջատագովներից է։

Կազմակերպությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Հողերի եւ անտառների կայուն կառավարումը հյուսիս-արեւելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի կողմից ֆինանսական աջակցություն է ստացել՝ պարանային այգու (ropepark) կառուցման համար։

Այգին հիմնվելու է «Լոռէ» փրկարար ջոկատի բազայի տարածքում։ Տարածքում կլինեն հանգստի գոտիներ, նստատեղեր, ճոպաններ եւ այլն, կտեղադրվեն բնապահպանական ուղղվածության տեղեկատվական վահանակներ, ցուցանակներ, աղբամաններ, ինչը ոչ միայն կնպաստի չվերամշակվող աղբի ծավալի նվազեցմանը, կանաչապատ տարածքների պահպանմանը եւ անտառային հրդեհների կանխարգելմանը, այլեւ կբարձրացնի խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Բացի «Լոռէ» ջոկատից, աշխատանքում կներգրավվեն անտառտնտեսությունը, համայնքապետարանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, շահագրգիռ այլ կազմակերպություններ, համայնքի բնակչությունը: «Պարանային այգին տարբեր բարդության համալիրների ու համակարգերի ամբողջություն է, շահառու կարող են լինել տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, քանի որ այն նախնական ֆիզիկական լավ պատրաստվածություն չի պահանջում։ Ակտիվ հանգստի այս տեսակը կօգնի հատկապես դեռահասներին եւ պատանիներին ֆիզիկական հմտություններ զարգացնել՝ արագաշարժություն, ուժ, դիմացկություն, ճկունություն։ Բացի դրանից՝ կաճի երիտասարդների հետաքրքվածությունը քաղաքի նկատմամբ, կբարձրանա քաղաքի հեղինակությունը»,- նշեց «Լոռէ» ջոկատի հրամանատար Արմեն Առաքելյանը։

Այգու շահագործման անվտանգությունը կապահովեն ջոկատի փրկարարները, իսկ մասնակիցների ուսուցումը՝ փորձառու լեռնագնացներ։ Այգու շահագործումից ստացվող եկամուտը կուղղվի բնապահպանական փոքր ծրագրերի իրականացմանը՝ ծառատունկ, հանգստի գոտիների սանիտարական մաքրում, դեռահասների ու երիտասարդների շրջանում բնապահպանության թեմայով հանդիպում-քննարկումներ, ճանաչողական արշավներ դեպի Ձորագետի կիրճ եւ Արջասարի անտառապատ տարածք։

Ենթադրվում է, որ բացի Ստեփանավան քաղաքի բնակիչներից եւ հյուրերից, ropepark-ից կօգտվեն նաեւ հարակից գյուղերի եւ Տաշիր քաղաքի բնակիչներն ու հյուրերը: Ի հավելումն՝ Ստեփանավանը Երեւան-Թբիլիսի մայրուղու միջնամասում է եւ հարմար նաեւ վրաց զբոսաշրջիկներին գրավելու համար։ Արմեն Առաքելյանի վստահեցմամբ՝ նախաձեռնությունն առաջին հերթին կնպաստի համայնքային մակարդակում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Պարանային այգին կգործարկվի օգոստոսին։

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մեկ այլ ծրագրով հատկացված դրամաշնորհով «Լոռէ» ջոկատի տարածքում կառուցվում է ժայռամագլցման արհեստական պատ: Այս մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարներում տարբեր երկրներում գործող պարանային այգիները: