Գլխավոր Նորություններ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԽԱՂ՝ «ՍՈՒՊԵՐ ԴԱՎԻԹ»

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԽԱՂ՝ «ՍՈՒՊԵՐ ԴԱՎԻԹ»

1069
Տարածել

Անվտանգության մշակույթի ձևավորում

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում պաշտոնապես հայտարարվեց, որ Dasaran.am կայքում հասանելի է «Սուպեր Դավիթ» առցանց խաղը: Նախաձեռնության մասին «911.Արտակարգ թերթը» գրում է այս տարվա փետրվարից, երբ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորատին հանձնարարեց Dasaran.am հարթակի հետ համագործակցությամբ ստեղծել աշակերտների համար առցանց խաղ, որը կնպաստի անվտանգության մշակույթի ձևավորմանը: «Սուպեր Դավիթ» առցանց խաղն այդ համագործակցությունից ծնված կրթադաստիարակչական «գործիք» է:

«Սուպեր Դավիթ» խաղի շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, մեր երկրում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևսյանը,

Նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց խաղի ստեղծմանն աջակցող գործընկերներին, ում շնորհիվ հնարավոր դարձավ անվտանգության մշակույթի ձևավորմանն ուղղված այս նախաձեռնությունը. «Խորհրդանշական է,- ասաց նա,- որ խաղի շնորհանդեսը կայացավ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա  նախօրեին: Այն մշակվել է բովանդակային հստակ ուղղվածությամբ ու հասցեականությամբ: Սիրելի երեխաներ, վստահ եմ, որ խաղի օգնությամբ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ձեր և ձեր շրջապատի անվտանգության ապահովմանը, որովհետև խաղի արդյունքում դուք ստանալու եք ոչ միայն միավորներ ու մրցանակներ, այլև՝ անվտանգ ապրելու երաշխիք»:

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, շնորհակալություն հայտնելով նախագծի իրականացման աջակիցներին, նշեց, որ խաղը հասանելի է Dasaran կրթական հարթակում գրանցված մոտ մեկ միլիոն օգտատերերի՝ աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների համար, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերերին: Սուրեն Ալոյանը հայտնեց, որ խաղի փորձարկման ժամանակ լուրջ արդյունքներ են գրանցվել. ընդամենը 12 օրում «Սուպեր Դավիթը» խաղացվել է 187186 անգամ: Նրա խոսքով՝ Dasaran.am կայքի յոթամյա գործունեության ընթացքում նման բան չէր եղել:

Սիլվի Բոսութղոն ընդգծեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված կրթական այս խաղն ընդգրկուն շրջանակ ունի և անպայմանորեն նպաստելու է աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների իրազեկվածությանը անվտանգ միջավայրում ապրելու պայմաններ ձևավորելու գործում:

«Ուրախալի է տեսնել արդյունավետ համագործակցության արդյունքը. վստահ եմ, որ նախագիծը կօգնի ձևավորելու աղետներին պատրաստ հասարակություն»,- նշեց մեր երկրում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

«Նախագիծը նվեր է բոլորին, քանի որ ուղղված է բնակչության դիմակայության, անվտանգության մշակույթի և միջավայրի ձևավորմանը, որն առավել կարևոր է, քան պարզապես գիտելիքը»,- նոր խաղի ստեղծման նշանակությունն այսպես կարևորեց փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:

Հիրավի, «Սուպեր Դավիթ» առցանց խաղը համագործակցության փայլուն և հաջողված արդյունք է, կենսամիջավայրն ու առկա ռիսկերը ճանաչելու և հասկանալու միջոց, անվտանգության մշակույթի ձևավորման և ստացած գիտելիքը կիրառելու մտածողություն ձևավորելուն նպաստող գործոն: Այս փայլուն նախագծի իրականացումը հնարավոր դարձավ Ճապոնիայի և Համաշխարհային բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման  ծրագրի» (Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի՝ GFDRR, աջակցության շնորհիվ:

Խաղի մշակման փուլում 11 տղա և 14 աղջիկ դպրոցական մասնակցել են փորձարկումներին: Նաև նրանց շնորհիվ են խաղի «ութ աշխարհները՝ երկրաշարժ, կայծակ, սողանք, հրդեհ, սելավ, ջրհեղեղ, քարաթափում, ուժեղ քամի-փոթորիկ», դարձել հետաքրքիր: Ամեն «աշխարհում» դպրոցականը թեստ է անցնում՝ ընտրում առաջադրված հարցի չորս պատասխաններից մեկը և ամեն ճիշտ պատասխանից հետո «պարգև» ստանում՝ փրկարարական գույք՝ սաղավարտ, կրակմարիչ, կացին և այլն… Իսկ խաղի հաղթողի մեծ «պարգևն» օդանավ է, որպեսզի օգնության հասնելու, փրկելու հնարավորությունները մեծ լինեն՝ վայրկյանների տևողությամբ:

Նրանք՝ խաղի ստեղծմանն այնքան օգնած դպրոցականները, հուշանվերներ ստացան նախարար Դավիթ Տոնոյանից և Dasaran կրթական ծրագրի ղեկավարությունից: Նրանք «Սուպեր Դավիթի» շնորհանդեսի օրը դարձան խաղի դեսպաններ և խաղի մասին կպատմեն իրենց դասընկերներին, խաղընկերներին, բոլորին, կպատմեն նաև Համլետ Մաթևոսյանի «Ամենահաս Դավթի» ոտանավորներով: Կլինեն տեղեկացված և կկարողանան օգնել ընկերներին հնարավոր արտակարգ իրավիճակներում:

Ի դեպ, «Ամենահաս Դավիթը» աղետների ռիսկի նվազեցման կրթության ծրագրերում առաջին անգամ երևաց 2011-ին, երբ Եվրամիության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ հրատարակվեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների մշակած «Գիտեմ, պատրաստ եմ, կարող եմ» ձեռնարկը: Այսօր արդեն այն առցանց խաղ է:

Երեխաներ, «Սուպեր Դավիթ» կարող եք խաղալ այս հղումով՝ https://www.dasaran.am/games/super-david, բայց չպետք է «կպչել» համակարգչին: Որ չխանգարեն դասերին, խաղը թույլ է տալիս խաղալ քիչ-քիչ, մաս-մաս՝ ամեն օր անցնելով որոշակի հատված, հաջորդ օրը շարունակելով կիսատ թողած մասից:

 

Գագիկ ԵՂՅԱՆ

Լուսանկարները՝

Վահրամ ԱՎՈՅԱՆ