Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՔԱՋԱՐԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

ՔԱՋԱՐԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

1498
Տարածել

Ծառայություն, որի հենքում փրկելու գաղափարն է

Թիվ 58 հրշեջ-փրկարարական ջոկատն սպասարկում է Քաջարանն ու շրջակա 18 գյուղերը: Ջոկատը տեղակայված է 1967-ին կառուցված երկհարկանի շենքում: Այն առաջին անգամ քիչ թե շատ բարենորոգվել է 1993-ին՝ անձնակազմի ուժերով, որից հետո աշխատակիցները տևական ժամանակ շարունակել են աշխատել համեստ պայմաններում: Մասնաշենքում հիմնանորոգման աշխատանքներ կատարվել են 20 տարի անց՝ 2012-2013-ին, «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջոցներով: «Ջոկատի կենցաղային պայմանները բավական բարելավվել են, քաղաքապետարանից էլ համակարգիչ ենք նվեր ստացել»,- արված աշխատանքներն է ներկայացնում 23 հոգուց բաղկացած՝ Քաջարանի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արայիկ Մկրտչյանը: Հետագայում, հնարավորության դեպքում, նախատեսում են նորոգել ավտոկայանման տարածքն ու տանիքը:

Ավտոկայանատեղիում տեսանք 1980-ականներից պահպանված 2 հրշեջ մեքենա և 1966-ի արտադրության ամենագնաց «Զիլ-157» «կունգը», որը հատկապես ամենաշատն է գործի դրվում ձմռան ամիսներին լեռնային ռելիեֆ ունեցող տարածաշրջանում ահազանգերի հետքերով գնալիս: 2015-ին «Արձագանք» ծրագրով ջոկատն ապահովվել է անհրաժեշտ գույք ու սարքավորումներով: Ուրախությամբ նշում են, որ առաջիկայում ավտոպարկը կթարմացվի ճապոնական արտադրության տեխնիկայով:

Քաջարանցիները փրկարարներին դիմում են ավտովթարների, հրդեհի, փակ դռան, փաթաթված պարանն արձակելու, կատվին պատուհանագոգից ցած իջեցնելու և նման այլ հարցերով:

Քաջարանում տարեկան 30-50 դեպքի են արձագանքում, նախորդ տարի ընդհանուր առմամբ 32 ահազանգ են ստացել: Լինում են օրեր, երբ ընդհանրապես ահազանգեր չեն ստանում, նման օրերին փրկարարներն աշխատում են իրենց մասնագիտական կարողությունները բարելավելու ուղղությամբ: Բացի դրանից՝ տակտիկական վարժանքներ կազմակերպում ուսումնական և այլ հաստատություններում՝ բարձրացնելով բնակչության պատրաստվածությունն  ու իրազեկվածությունը: Ջոկատի անձնակազմի հետ հանդիպելիս, նկատեցինք, որ նրանց մեծ մասը երիտասարդ կադրեր են, որոնք փոխարինել են վաստակած հանգստի մեկնած  նախկին աշխատողներին: Ջոկատում աշխատում են 4 հերթափոխով, յուրաքանչյուրում ընդգրկված է 5-6 հոգի, խոշոր հրդեհների կամ այլ դեպքերի ժամանակ, երբ հերթափոխի ուժերը չեն բավականացնում, օգնության են հասնում նաև մյուս փրկարարները:

Փ/ծ մայոր Վռամ Սահակյանը ջոկատ ընդունվել է աշխատանքի 8 տարի առաջ՝ ի սկզբանե ստանձնելով  հրամանատարի տեղակալի գործը: Ասում է՝ դժվար էր միանգամից մեծ պատասխանատվություն վերցնել ուսերին, բայց ջոկատի աջակցության ու աշխատասիրության շնորհիվ շուտով սկսում է  տիրապետել փրկարարական գործի առանձնահատկություններին: Մասնագիտությամբ տնտեսագետ է, նախքան ջոկատում հաստատվելն աշխատել է Կապանի կոմբինատում: «2009-ին, երբ ընդունվեցի, ինձ համար շատ բան նոր էր, դեպքերի արձագանքելիս բավական դժվարությունների միջով եմ անցել, բայց ի վերջո կոփվել եմ. փրկարար գործն այնպիսին է, որ մարդկային կյանք փրկելու համար փորձում ես ամեն ինչ մի կողմ դնել և հնարավորինս խիզախորեն մոտենալ գործին: Բնավորություն է դառնում աշխատել աչքը միշտ բաց, ականջը՝ ձայնի»,- պատմում է Վռամը:

4-րդ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Նորայր Կոստանդյանը, ջոկատի հին անդամներից է: 1999-ից է առաջարկ ստացել աշխատելու ջոկատում՝ որպես հրշեջ, իսկ 2004-ից արդեն հերթափոխի պետ է: Մասնագիտությամբ վարորդ, էլեկտրիկն աշխատանքային գործունեության սկիզբը դրեց հենց ջոկատում և արդեն 18 տարի է՝ ջոկատում է: «Սկզբից ընտանիքում դժկամությամբ էին վերաբերվում հաճախակի բացակայություններիս, էլ «կռիվ» չեն անում հետս»,- կատակում է փ/ծ ենթասպան, որի երեխաները՝ Լիդիան և Բորյան, 10-րդ և 8-րդ դասարաններում են սովորում և հպարտանում են հոր մասնագիտությամբ, հետաքրքրությամբ հարցուփորձ անում օրվա դեպքերից:  Հերթափոխի պետի ծառայության տարիներին ինչպես ողբերգական, այնպես էլ լավ ավարտով դեպքեր են եղել: Հիշում է, թե ինչպես օրերից մի օր իրեն և հերթափոխի տղաներին հաջողվել է արագ կողմնորոշվելու և ճիշտ գործելու արդյունքում փրկել այրվող անասնագոմում մնացած անասուններին: Նա երկարամյա ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանացել է «10 տարի անբասիր ծառայության համար» հուշամեդալով, մարզային, քաղաքային իշխանությունների կողմից  նաև շնորհակալագրեր, պատվոգրեր ստացել:

 

Մ. Ս.