Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ ՔՊ կազմավորումների հետ

Վարժանքներ՝ ՔՊ կազմավորումների հետ

903
Տարածել

Փետրվարի 20-ին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի «Էլիտ Շանթ» ընկերությունում անցկացվեց «Կազմավորումների գործողությունները կազմակերպությունում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ըստ սցենարի՝ հիմնական մասնաշենքի 2-րդ հարկի աշխատասենյակներից մեկում առաջանում է հրդեհ, որի հետևանքով հարկն ամբողջությամբ ծխապատվում է։ Երկու աշխատակից, խուճապի մատնվելով, չեն կարողանում դուրս գալ տարածքից և ծխահարվում են։ Ուսումնավարժության ղեկավարի կարգադրությամբ կատարվում է հրդեհի վայրի հետախուզում և հրդեհաշիջում հակահրդեհային օղակի ուժերով։ Անվտանգ գոտում ծավալվում է բուժկետ, տուժածներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն։

Երեւանի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կորյուն Արզումանյանի խոսքով՝ կազմավորումների հմտություններն ու գիտելիքները համալրման կարիք ունեն։ Խաղաղ պայմաններում հարցին թերի մոտեցումը կարող է լուրջ խնդիր դառնալ արտակարգ իրավիճակում։

Նախորդ տարի «Էլիտ Շանթ»-ում անցկացվել է նաև երկրաշարժից հետո անձնակազմին բուժօգնություն ցուցաբերելու թեմայով վարժանք։ «Ընկերությունն ունի որակավորված աշխատակից, որն անձնակազմին ուղղորդում է վարժանքների ժամանակ, այնինչ հնարավոր է՝ արտակարգ իրավիճակ  ստեղծվի և բուժաշխատողը ներկա չլինի։ Անհրաժեշտ է սովորել ինքնուրույն լուծել ծագած խնդիրները», — ասաց բաժնի պետը։

Նույն օրն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքնում անցկացվեց նաև «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություն։ Ներկա էին ՔՊ ղեկավար կազմը, ՔՊ համայնքային ծառայությունները, տարհանման հանձնաժողովը, սահմանամերձ Արտենի և Գետափ գյուղերի ղեկավարները։ Հեռախոսակապի միջոցով մասնակիցների ազադարումից հետո ծավալվեց հավաքատեղի, անցկացվեց խորհրդակցություն։ Ձեռնարկված բոլոր միջոցառումերը գնահատվեցին բավարար։ Սակայն կազմավորումների ղեկավարները դեռ լիարժեք չեն տիրապետում իրենց գործառույթներին, դեռ կարողությունների զարգացման կարիք կա։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ