Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Պետությունը կփոխհատուցի կամավոր փրկարարին

Պետությունը կփոխհատուցի կամավոր փրկարարին

2502
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մշակվել է «Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Փաստաթուղթը ներառված է կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում եւ հենց այդ օրն էլ կընդունվի:

Ըստ փաստաթղթի, օրացուցային տարվա ընթաց­քում մինչև 15 աշխատանքային օր ժամ­կե­տով լիազոր մարմնի հայտով արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կփոխհատուցվի (կվճարվի) նրա հիմնական աշխատա­վայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը: Արտակարգ իրա­վի­ճակի վայր մեկնելու դեպքում աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած՝ փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու  մասին տեղեկանքի հիման վրա: Ֆիզիկական անձին կամավոր համարելու պահից լիազոր մարմինը իրազեկում է կամավոր փրկարարի գործատուին էլեկտրոնային տեղեկատվության միջոցով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունում վստահ են, որ նախագծի ընդունումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը, կսահմանի սոցիալական երաշխիքներ եւ այլն:

Հայաստանում կամավոր փրկարարական ջոկատները ստեղծվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: Այդ ջոկատներից «Սպիտակն» ու «Լոռէն» գործում են մինչ օրս: Վերջին տարիներին պետության եւ միջազգային կառույցների օգնությամբ բազմաթիվ կամավոր փրկարարական ջոկատներ են ստեղծվել Շիրակում, Լոռիում, Տավուշում, այլ մարզերում: