Գլխավոր Վերլուծություն Մարտի արտակարգ դեպքերը

Մարտի արտակարգ դեպքերը

114
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2023 թվականի մարտին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտին իրականացրել են 2139 ելք՝ 242-ով ավելի քան 2022-ի մարտին: 992 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի: 679՝ կենցաղային կանչ, 129՝ կեղծ ահազանգ, 339՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 63, տուժել՝ 2403 մարդ: Կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազմամբ պայմանավորված, արձանագրվել է զոհվածների եւ տուժածների թվաքանակների նվազում՝ համապատաս­խանաբար 96-ով եւ 472-ով:

Ինչպես եւ դիտարկվող նախորդ ժամանակահատվածներում արտակարգ դեպքերի ու պատահարների զգալի մասը` 95,2 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 895 ահազանգ (2022 թվականի մարտին՝ 455 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 665 դեպքում (2022 թվականի մարտին՝ 339 դեպք): 102 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2022 թվականի մարտին՝ 60): 98 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքը եւ ծխապատ գոտին (2022 թվականի մարտին՝ 46), իսկ 30 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումներ (2022 թվականի մարտին՝ 10 դեպք) հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներրին:

Մարտին հրդեհների 55,6 տոկոսը՝ 370 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 44,4 տոկոսը՝ 295 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա մարտ ամսվա հա­մեմատությամբ, քաղաքային հրդեհների քանակն աճել է 161-ով, գյուղական հրդեհներինը՝ 165-ով: Երեւանում գրանցվել է 159 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Արարատը՝ 108, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 13: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Սյունիքի քաղաքները՝ 53 եւ Արարատի գյուղերը՝ 83 հրդեհ: Ամենաքիչը տուժել են Վայոց ձորի քաղաքներն ու Շիրակի գյուղերը՝ 4-ական հրդեհ:

Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 357 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 101, տրանսպորտային միջոց՝ 43, առանձնատուն՝ 37, տնակ-ավտոտնակ՝ 22, բնակելի շենք՝ 10 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2023 թվականի մարտին փրկարարները ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 311 ահազանգ են ստացել՝ 22-ով ավելի քան 2022-ի մարտին: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 46,6 տոկոսը (145 դեպք) գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 28 ՃՏՊ, ամենաքիչը՝ Վայոց ձորը` 1 դեպք:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները թունավորումների վերաբերյալ 182 կանչ են ստացել՝ 27-ով ավելի քան 2022 թվականի մարտին: Դեպքերի առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում՝ 101 դեպք: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 25, ամենաքիչը՝ Սյունիքը՝ մեկ թունավորում: 2023 թվականի մարտին Վայոց ձորում եւ Տավուշում թունավորումներ չեն եղել:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 64, դեղորայք՝ 33, քիմիական նյութեր՝ 31, շմոլ գազ՝ 26, սննդամթերք՝ 3 եւ այլն:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում տարածված կորոնավիրուսի համաճարակից, 2023 թվականի մարտին զոհվել է 19 (2022 թվականի մարտին՝ 138), տուժել՝ 1687 (2022 թվականի մարտին՝ 2246) մարդ:

Այլ դեպքեր

2023 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է. 15 ուժեղ քամի, 8 փլուզում, 4 պայթյուն, 3-ական մերկսառույց եւ քարաթափում, մեկական հեղեղում, անասնահամաճարակ եւ վայրի կենդանիների հարձակում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Հ.Գ.Նախորդ ամիսների արտակարգ դեպքերի մասին կարդացեք.

Հունվար

Փետրվար