Գլխավոր Միջոցառումներ Մեծ ուսումնավարժություն՝ Բժշկական համալսարանում

Մեծ ուսումնավարժություն՝ Բժշկական համալսարանում

973
Տարածել

Մարտի 1-ին՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով։ Նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ու գործնական հմտությունները, կատարելագործել բուհի ՔՊ կազմավորումների եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ։

Ներգրավված էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հերթապահ բուժանձնակազմը, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժինը, ՔՊ վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի սակրավորները, փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, Երեւան քաղաքի փրկարարական վարչությունից՝ հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավարման խումբը, 2 մարտական հաշվարկ, 2 առաջին օգնության փրկարարական խումբ, 1 ավտոսանդուղք, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ոստիկաններ, շտապօգնության բրիգադ եւ այլն։ Համալսարանից մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, առաջին օգնության, հրդեհաշիջման եւ փրկարարական խմբերը, 20 նմանակող։ Միջոցառմանը ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը,ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, այլք։

Ըստ պլանի՝ հակառակորդը խախտել է հրադադարը եւ տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Օդային սահմանը հատել են հակառակորդի 4 ռմբակոծիչ ինքնաթիռ։ Ռմբակոծվել է համալսարանի շենքը, վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները եւ կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ։ Կան զոհեր եւ վիրավորներ:

Գործնական միջոցառումներն անցկացվեցին 3 տեղամասում։ Առաջինում ցուցադրվեց ծխապատ գոտում արգելափակված ուսանողների տարհանումը բարձր հարկից ճոպաններով եւ պատգարակով, իսկ անհետաձգելի բժշկական օգնության խումբը նրանց ցուցաբերեց առաջին օգնություն։

Երկրորդ տեղամասում փրկարարները հիդրավլիկ գործիքներով հատեցին փլատակների տակ մնացած մեքենան ու դուրս բերեցին երկու տուժածի։ Նրանց տեղափոխեց շտապօգնության բրիգադը։

Երրորդ ուսումնական տեղամասում սակրավորներն ականորսիչով հայտնաբերեցին չպայթած զինամթերք եւ վնասազերծեցին այն։ Իսկ վարչական մասնաշենքում արգելափակված մարդիկ տարհանվեցին շարժասանդուղքի օգնությամբ։

Փրկարարներից բացի՝ արագ արձագանքման մյուս ուժերը կատարեցին համապատասխան վթարավերականգնողական աշխատանքներ։

ԵՊԲՀ արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության շտաբի պետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ վարժանքին նախապատրաստվել են դեռ փետրվար ամսից, պարբերաբար տարբեր թեմաներով գործնական եւ տեսական պարապմունքներ են արել։ Վերջին նման ուսումնավարժությունը նախորդ տարեվերջին էին։

Հրդեհաշիջման, փրկարարական, առաջին օգնության եւ հետախուզական կազմավորումներում ներգրավված են համալսարանի աշխատակիցները, ուսանողները, անգամ՝ բժշկական քոլեջից։ Շտաբի պետը հատկապես գոհունակությամբ ընդգծեց առաջին օգնության խմբի աշխատանքը․ աղետների բժշկության եւ ՔՊ ամբիոնը խոր գիտելիքներ է տվել։ Այս անգամ շեշտը դրվել էր այրվածքների ու տարբեր կոտրվածքների վրա։

Ռազմաբժշկական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Արարատ Գեւորգյանը հրդեհաշիջման կազմավորումից էր։ Ասում է՝ գործի կարեւորությունը հասկանալով՝ որոշել է կամավորագրվել։ Շատ բան է սովորել՝ բարդ իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել, կրակմարիչ օգտագործել։ Իր ընկերների համար, որոնք առաջին օգնության խմբում էին, նույնպես մեծ փորձ էր՝ բժշկի հմտություններն իրականին մոտ իրավիճակում կիրառելու համար։

Բժիշկ եւ զինվոր՝ ամբողջ կյանքի համար այս ճանապարհն է ընտրել։ Սակայն նշում է՝ մարդու կյանքի փրկության հետ կապված ամեն բան պետք է փորձել, սովորել ու սովորեցնել։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի