Գլխավոր Հրշեջ-փրկարարներ «Օդային տագնապ» է տրվել 71 անգամ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

«Օդային տագնապ» է տրվել 71 անգամ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3280
Տարածել

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 870 զանգ, կատարվել է 370 ելք։

Հրդեհի 19 դեպք առաջացել է ադրբեջանական կողմից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից: Հրշեջ-փրկարարական ջոկատները Ստեփանակերտում եւ շրջաններում աշխատել են արտակարգ ռեժիմով, ժամանակին իրականացրել հրդեհաշիջում:

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար։ Վիրավոր քաղաքացիները տեղափոխվել են բուժհաստատություններ:

Զենք-զինամթերքի հայտնաբերման ու վնասազերծման 8 դեպք է արձանագրվել: Ծառայության սակրավորական խմբերն արձագանքել են բոլոր կանչերին եւ զինամթերքը տեղափոխել անվտանգ վայր՝ ոչնչացնելու։

Բնակչության սպասարկման եւ անվտանգության ապահովման 90 կանչ է գրանցվել, որոնցից 71-ը՝ կենցաղային բնույթի։ Փրկարարներն ապաստարանում գտնվողներին ապահովել են անհրաժեշտ իրերով ու պարագաներով, սննդով ու դեղորայքով:

Նախորդ շաբաթ Արցախի Հանրապետության ողջ տարածքում 71 անգամ հնչել է «Օդային տագնապ» ազդանշանը:

Այլ կանչեր․ Տարեց կինը հրշեջ-փրկարարներին խնդրել է իր բաժին հումանիտար օգնության մեջ ներառել «Երեկոյան Երեւան» անունով իր սիրելի կոնֆետները։ Փրկարարները կատարել են տատիկի խնդրանքը, որը պատերազմի առաջին օրվանից հրաժարվել է տարհանվել շենքից։ Կինը խոստովանել է, որ սպասում է իր թոռների եւ հարեւան երեխաների վերադարձին, որպեսզի նրանց բաժանի քաղցրեղենը։