Գլխավոր Նորություններ ԱՆՎԱԽ ԱՐՋԵՐԸ, ԿԱՄ ԳՅՈՒՂԱՑԻՆ՝ ԱՐՋԱՊԱՆ

ԱՆՎԱԽ ԱՐՋԵՐԸ, ԿԱՄ ԳՅՈՒՂԱՑԻՆ՝ ԱՐՋԱՊԱՆ

887
Տարածել

Ծուռթաթը սովը հագեցնելու համար բռնել է գյուղի ճամփան

«Արջերը քանդում են մեղվափեթակները, մեղրն ուտում, մեղուն մշրում ու հեռանում: Տան լուսամուտից 5 մ հեռավորությամբ դրված փեթակներիցս 4-ը էս տարի արդեն ոչնչացրել են, 200 հազար դրամի վնաս հասցրել: Էդ մեղվաընտանիքները վերականգնել էլ հնարավոր չէ: Հունիս-հուլիս ամիսներին են գալիս մեղրի հետևից, կարծես զգում են, որ փեթակներում մեղր կա»,- պատմում է արջերի ավերածություններից տուժած Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Պետիկ Սմբատյանը, որը նկատել է՝ վերջին տարիներին մոտակա անտառներից գյուղի տարածք ազատորեն ներսուդուրս անող արջերի թիվն աճել է: «Նախկինում 1-2 արջ հազիվ լիներ, էն էլ իրենց տարածքներից չէին իջնում, բավարարվում էին վայրի հատապտուղներով, հիմա շատացել են, կերն էլ պակասել է, դրա համար գյուղ են գալիս, կարելի է ասել՝ մեր գյուղի մեջ են «ապրում», պատրաստի կերը «վայելում»,- ասում է շատինցին:

Եղեգնաձորի արգելավայրի հարակից գյուղում շատերն են տուժել անվախ արջերից: Ծուռթաթը սովը հագեցնելու համար ապրիլ ամսից սկսած գյուղացիների հողամասեր է ներխուժում, կանաչ խոտ ուտում, պտղատու ծառեր, մեղվափեթակներ ջարդում, անասունների մսով ախորժակը հագեցնում, երբեմն էլ ավարով հեռանում գյուղից: Վերջին տարիներին Շատինում մարդկանց վրա հարձակման երկու դեպք է գրանցվել, մեկը՝ հենց գյուղամիջում: Գյուղացիների պատմելով՝ անցած տարի գյուղի բնակչուհիներից մեկը հորթը դուրս հանելիս տան մերձակայքում հանդիպել է հսկա գիշատչին, որը հարձակվել է կնոջ վրա և դեմքին, մարմնին վնասվածքներ հասցրել: Գյուղացուն հիվանդանոց են տարել, որտեղ էլ բուժում է ստացել: Մոտ մեկ ամիս առաջ էլ արջը կեսգիշերն անց վախեցրել էր գյուղի ծայրամասում տներից մեկում այդ պահին միայնակ գտնվող 3-4 երեխայի, որոնք, նկատելով դրսում թափառող արջին, իսկույն ահազանգել են օգնության խնդրանքով: Շատինի համայնքի ղեկավարի տեղակալ տեղակալ Մանվել Կարապետյանն է գիշերը ժամը 1:30-ին այցելել երեխաներին, հանգստացրել նրանց: Նրա կարծիքով՝ գյուղը գազանից պաշտպանվելու ոչ մի միջոց չունի: Արջերն այնքան անվախ են դարձել, որ նույնիսկ քոթոթների հետ են գյուղամեջ իջնում: Նույնիսկ բարձր ձայներն ու պաշտպանական տարատեսակ մեթոդները, շներն էլ արջերին չեն կարողանում հեռու պահել գյուղից:

Շատինում տարաբնույթ տարբերակներ են մտածել վայրի կենդանիներից պաշտպանվելու կամ դրանց մուտքը գյուղ կանխելու համար, սակայն խնդրի լիարժեք լուծում դեռ չի հաջողվել գտնել: Գիշերները գյուղի տարածքում հերթապահություն սահմանելով՝ իրավիճակը ինչ-որ չափով վերահսկելու և արագ արձագանքելու տարբերակն էլ իրատեսական չէ, քանի որ գյուղի մի ծայրից մյուսը ձգվող 4-5 կմ մեծ տեղանքում հնարվոր չէ հերթապահություն սահմանել: «Արջերը «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներ են, չի կարելի դրանց վնասել, բայց գուցե թույլատրեն որսորդական հրացաններով ամեն երեկո կրակոցներ արձակենք, գուցե այդ ձայներից վախենան ու գյուղին մոտ չգան: Խնդիրն իրոք շատ է լրջացել, եթե մարդիկ նախկինում անտառ էին գնում բուսատեսակներ կամ վայրի հատապտուղներ հավաքելու և այնտեղ կարող է արջի հանդիպեին, այսօր արդեն իրենց սեփական տանն են անպաշտպան: Խնդրին պետք է լուծում տրվի»,- նշեց Մանվել Կարապետյանը:

Գյուղում ոմանք էլ սեփական մեթոդներն են գործի դրել՝ արջերից տնտեսությունները պաշտպանելու համար: Դպրոցի զինղեկ, մեխանիկ-ինժեներ Մելիք Մաթևոսյանը տան մուտքերի համար լույսով աշխատող ազդանշանային համակարգերից է գնել, իր ձեռքով միացումները տվել, դրան զուգահեռ նաև ձայնային ազդանշան ավելացրել համակարգին և տեղադրել տան մուտքի մոտ: Կենդանիների մոտենալուց ոչ միայն լույսը, այլև աղմկոտ ձայնն է միանում, որոնցից արջերը հանկարծակիի գալով՝ հեռանում են: Արջերը բնակչի 4 մեղվափեթակներից 3-ը ջարդել են, մյուսն ազդանշանային համակարգի շնորհիվ բնակչին հաջողվել է պահպանել: «Գիշերվա ցանկացած ժամին զանգի ձայնը լսում եմ, դուրս եմ գալիս, կենդանի չկա, բայց հեռացող արջի ոտնաթաթերի թմթմփոցը լսվում է: Հեռանում է, բայց հակառակ կողմում իր ավերիչ գործն անում: Ազդանշանային համակարգով տանս մի հատվածն եմ կարողանում պաշտպանել արջի ավերածություններից, հատվածը բաց է, ամբողջ տարածքը պաշտպանելու համար պետք է ամբողջ երկայնքով այս համակարգից անցկացնել»,- ասում է մանկավարժը, բայց մտավախություն ունի, որ արջերը որոշ ժամանակ անց նաև ազդանշանային համակարգի ձայնին էլ կսովորեն: «Լույսը գցում եմ վրան՝ նայում է ինձ, բայց չի հարձակվում, մի քանի մետր հեռանում է ու կրկին վերադառնում: Արջին հանկարծակի հանդիպելու դեպքում, Աստված գիտի, ինչ կարող է լինել: Խոտը հենց սկսում է գետնից բարձրանալ, արդեն սկսում են գյուղ իջնել, հատկապես՝ թթի, մրգի հասունացման, մեղրի սեզոնին»,- պատմում է Մելիք Մաթևոսյանը: Որոշ գյուղացիներ էլ ենթադրում են, որ գիշատիչների թվաքանակի կտրուկ աճը հնարավոր է պայմանավորված լինել «Խոսրովի անտառի» հրդեհից արջերի բնակության վայրից հեռանալով:

Արջերը հիմնականում բնակվում են Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Նրանց թվաքանակի փոփոխության վերաբերյալ վիճակագրություն բնապահպանության նախարարությունում չկա: Գերատեսչությունում արջերի հարձակման մասին գրավոր նամակներ շատ են ստանում: Նամակագիրներին խորհուրդ են տալիս հնարավորինս զգույշ լինել արջերից: «Մենք դիմում-նամակներին ի պատասխան՝ արջերից պաշտպանվելու միջոցներ ենք ներկայացնում: Օրինակ՝ բարձր ձայնի, կրակի միջոցով պաշտպանվել կամ ցածր լարման էլեկտրական պատնեշներ անցկացնել, թեև դրանք թանկ հաճույք են: Ինչպես նաև առաջարկում ենք մեղվափեթակները բաց տեղ չդնել, տարածքը ցանկապատել: Ինչ վերաբերում է արջերին այլ վայր տեղափոխելու առաջարկներին. դա հարցի լուծում չէ: Կենդանիներին որտեղ էլ տեղափոխես, եթե սովոր են բնակավայր մտնելուն, ապա այնտեղից էլ ազատ ելումուտ կանեն համայնքներ»,- փոխանցեց բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Փրկարարները ոչ միայն Շատինից, այև Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից են արջերի հարձակման վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր ստացել:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հակոբ Սարգսյանի խոսքով՝ 2015-ին մարզի Գողթանիկ, Թառաթումբ, Քարագլուխ գյուղերից մեղվափեթակների, պտղատու այգիների վնասման, անասունների վրա արջերի հարձակման վերաբերյալ 16 ահանզագ են ստացել: 2015-ին նաև մարդու վրա հարձակման մեկ դեպք է գրանցվել:

«Գողթանիկ գյուղում 2015-ին արջն այգի մտնելիս փաթաթվել էր էլեկտրական մետաղական լարերին, Երևանից մասնագետները եկել են քնեցրել ու տեղափոխել: Մենք արջ քնեցնելու հնարավորություն չունենք, պայքարի միջոց, որպես այդպիսին, չկա: 2016-ին Խաչիկ, Թառաթումբ, Աղնջաձոր, Մարտիրոս, Արտաբույնք, Հորբատեղ գյուղերից 9 ահազանգ է ստացվել: Արջերը հիմնականում ընտանի կենդանիներին են վնաս տվել, մեղվափեթակներ ջարդել, ընտանի կենդանիներ տարել: 2017-ին համայնքներից ահանզանգեր դեռ չենք ստացել»,- ասաց փ/ծ փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը:

Արջերի հարձակման դեպքեր գրանցվում են ոչ միայն Վայոց ձորի մարզի համայքներում, այլև՝ մյուս մարզերում: Ըստ մասնագետների՝ պետք է հասկանալ արջերի նման վարքագծի պատճառը: «Այսօր Հայաստանում անտառհատումները շատ են, ու եթե վերացնում ենք կենդանիների կենսամիջավայրը, բնական է՝ նրանք սնունդ կփնտրեն ամենուր: Խնդիրն այն է, որ այսօր մեր երկրում վայրի կենդանատեսակների պետական հաշվառում չի իրականացվում, ինչը «Կենդանական աշխարհի մասին օրենքի» դրույթ է (հոդվածներ 12 և 13), հետևաբար գիտական տվյալներ չկան խնդրի պատճառը հասկանալու համար, չգիտենք՝ արջերի պոպուլյացիան է ավելացել, կենսամիջավայրը վատթարացել, թե՞ կերն է պակասել… Այդ լիազորությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է»,- նշեց էկոլոգ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու Արևիկ Մկրտչյանը: Էկոլոգը նաև հիշեցնում է, որ արջերը զգուշավոր ու խելացի կենդանիներ են, սակայն նրանց դեմ պաշտպանվելու ընդհանրական մեթոդներ չկան: Եվրոպական մի շարք երկրներում որպես պաշտպանիչ միջոց կիրառվում են էլեկտրական հովիվները (էլեկտրական մետաղական ցանկապատերը), սակայն դրանք թանկ արժեն և Հայաստանի առավել տուժող համայնքներում դրանցով ամբողջությամբ պաշտպանություն իրականացնելն առայժմ անիրական է: Խնդիրը պետք է լուծում ստանա պետական մակարդակով: Նշենք, որ բնապահպանները Հայաստանի կենդանիներին պաշտպանելու համար օրենքի նախագիծ են մշակում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Խմբ.կողմից— Ի՞նչ անել, եթե հանդիպել եք արջի: Հարցի պատասխանը՝ ըստ փորձագետների, մեր թերթի հաջորդ համարում: