Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգ

Նախագիծ. Արտակարգ իրավիճակների հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգ

2308
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հսատատելու վերաբերյալ: Ըստ նախագծի, կախված տուժած մարդկանց քանակից, նյութական վնասի չափից եւ խոցման գործոնների տարածման մակերեսից, սահմանվում է երեք մակարդակի արտակարգ իրավիճակ՝ հանրապետական, մարզային, համայնքային:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կրած վնասը փոխհատուցման է ենթակա հետեւյալ դեպքերից ու պատահարներից հետո. երկրաշարժ, ցրտահարություն, ջրհեղեղ, ջրածածկում, ջրակալում, կարկուտ, հորդառատ անձրեւ, սելավ, քամի, փոթորիկ, պտտահողմ, ամպրոպ, սողանք, երաշտ, վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված պատահարներ, համաճարակ, էպիզոտիա, ճառագայթային (միջուկային), քիմիական վթարներ, հրդեհ, պայթյուն, փլուզումներ, քարաթափումներ:

Վնասի փոխհատուցման ձեւերն են. վարկի տոկոսի սուբսիդավորում, գույքահարկի, հողի հարկի մասնակի փոխհատուցում, ջրի, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների սուբսիդավորում, ապահովագրավճարի սուբսիդավորում, պատճառված վնասի չափի դրամական փոխհատուցում, վնասի փոխհատուցում բնեղենով, առողջությանը եւ կյանքին հասցված վնասի փոխհատուցում:

Վնասի փոխհատուցման վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարությանը կամ վարչապետին կներկայացնի արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը: Փոխհատուցումը կտրվի կառավարության պահուստային ֆոնդից:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ