Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Այրվածքներ.ջերմային այրվածք

Այրվածքներ.ջերմային այրվածք

1555
Տարածել

 

Ջերմային այրվածքներն առաջանում են բարձր ջերմաստիճանի՝ հյուսվածքների վրա տեղային ազդեցությունից (տաք հեղուկներ կամ առարկաներ, տարբեր նյութերի գոլորշիներ կամ բոց): Տաք հեղուկով ներծծված կամ բոցավառվող հագուստը երկարատև Է ներգործում այրված մասի վրա: Որոշ սինթետիկ գործվածքներ ջերմությունից հալվում և կպչում են մաշկին՝ դանդաղեցնելով սառեցումը: Նման այրվածքները, սկզբում լինելով թեթև, որոշ ժամանակ անց կարող են ծանրանալ: Այդ պատճառով առաջին հերթին դադարեցրեք ջերմության ազդեցությունը: Արձակեք և այրվածքի մակերեսից արագ հեռացրեք հագուստը: Մի պոկեք մաշկին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասեք, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը: Հնարավորինս արագ հեռացրեք մատանիները, ժամացույցը և բոլոր ճնշող իրերը:

Եթե բռնկվում է հագուստը, հետևեք պարզ կանոնին՝ «Կանգնել, ընկնել և գլորվել»: Կանգնեք, դադարեցրեք ցանկացած գործողություն, ընկեք գետնին և գլորվեք, մինչև որ հագուստը դադարի վառվել: Եթե տուժածը խուճապի է մատնվել, ապա դուք ինքներդ կարող եք հանգցնել կրակը` գցելով նրան գետնին և ծածկելով խիտ գործվածքով (ծածկոց, վերարկու և այլն):

Այրվածքներ ստացած տուժածին օգնություն ցուցաբերելիս կարևոր Է ապահովել անվտանգությունը, քանի որ այրվածք առաջացնող գործոնը կարող է վնասել ձեզ և շրջապատի մարդկանց: Կատարեք հետևյալ գործողությունները.

  • Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը:
  • Սառեցրեք այրված մակերեսը:
  • Նվազեցրեք վարակի ներթափանցումը:
  • Ձեռնարկեք շոկի զարգացումը կանխարգելող քայլեր:
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և դրանք փոխանցեք դեպքի վայր արագ արձագանքման ծառայությունների ներկայացուցիչներին: