Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱՊՐԻԼԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ԱՊՐԻԼԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

788
Տարածել

ՀՀ  ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

 

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլին իրականացրել են 1554 ելք՝ 416-ով ավելի, քան 2016-ի ապրիլին: 711 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 585՝ կենցաղային կանչ, 186՝ այլ դեպքեր, 72՝ կեղծ ահազանգ: Ամենաշատ դեպքեր գրանցվել են մայրաքաղաքում՝ 551, ամենաքիչը՝ Տավուշում՝ 29:

Արտակարգ դեպքերից զոհվել է 19 մարդ (այդ թվում՝ 5 կին), տուժել` 822 մարդ (այդ թվում՝ 246 կին և 136 երեխա): Փրկարարները 16 մարդու կյանք են փրկել՝ բոլորն էլ ճանապարհատրանսպորտային պատահարներից: 2016-ի ապրիլին փրկել էին 19 մարդու կյանք: 2016-ի ապրիլի համեմատ արտակարգ դեպքերի և դրանցից տուժածների քանակն աճել է, իսկ զոհերի քանակը՝ նվազել:

Արտակարգ դեպքերի մեծ մասը՝ 755, տեխնածին են: Եղել են նաև սոցիալ-կենսաբանական՝ 419, տարերային՝ 26 և այլ դեպքեր:

 

Հրդեհներ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 581 ահազանգ (2016 թվականի ապրիլին՝ 282 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 460 դեպքում (2016 թվականի ապրիլին` 213 դեպք): 18 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումներ, 44 դեպք՝ հրդեհի բռնկման սպառնալիքներ, ծխապատ գոտի, 59 դեպք՝ կեղծ ահազանգ:

Հրդեհներից տուժել է մեկ մարդ, մեկ մարդ էր տուժել նաև 2016-ի ապրիլի հրդեհներից: Նյութական վնասը՝ մոտ 89 միլիոն դրամ: Ամենամեծ նյութական վնասը կրել է Լոռու մարզը՝ 29,85 միլիոն, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 100 հազար: Երևանում հրդեհները 8,23 միլիոն դրամի վնաս են տվել:

Հրդեհների մեծ մասը՝ 190 դեպք, գրանցվել է խոտածածկ տարածքներում: Բացի սրանից՝ կրակի բաժին են դարձել բնակելի շենքեր և շինություններ՝ 89, աղբ՝ 67, տրանսպորտային միջոցներ՝ 30, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 21, անասնակեր՝ 3 և այլն:

Երևանում գրանցվել է 152 հրդեհ: Մարզերի քաղաքներից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքում և Շիրակում՝ 32-ական: Ամենաքիչը՝ Արագածոտնում՝ 2: Ամենաշատ հրդեհներ եղել են Կոտայքի գյուղերում՝ 26, ամենաքիչը՝ Տավուշի և Վայոց ձորի գյուղերում՝ 8-ական:

Ճանապարհատրանսպորտային

պատահարներ՝ ՃՏՊ

Հանրապետությունում 2017 թ. ապրիլ ամսին գրանցվել է 279 ՃՏՊ՝ 62-ով ավելի, քան 2016-ի ապրիլին: ՃՏՊ-ներից զոհվել է 14, տուժել՝ 367 մարդ: 2016 թվականի ապրիլի համեմատ տուժածների քանակն աճել է 76-ով, զոհվածներինը՝ նվազել 8-ով: ՃՏՊ-ների մեծ մասը՝ 127 դեպք, բախումներն են: 78 դեպք՝ վրաերթ, 44 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 30 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: Ամենաշատ ՃՏՊ-ներ գրանցվել են Երևանում՝ 113: Մարզերից ամենաշատը՝ Կոտայքում՝ 28, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 7:

 

Թունավորումներ

2017-ի հունվարին հանրապետությունում գրանցվել է թունավորման 389 դեպք, զոհվել է 4, տուժել՝ 452 մարդ: 2016-ի ապրիլի համեմատ թունավորումների և դրանցից տուժածների քանակն աճել է համապատասխանաբար 20-ով և 44-ով, զոհերի քանակը նվազել 2-ով: Ամենաշատ թունավորումներ եղել են մայրաքաղաքում՝ 260 դեպք:

Մարզերից ամենաշատը՝ Արմավիրում` 40 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 2 և Տավուշում՝ 3: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 138, դեղորայք՝ 85, քիմիական նյութեր՝ 72, շմոլ գազ՝ 41, սննդամթերք՝ 8 և այլն:

 

Փլուզումներ

2017-ի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 13 փլուզում՝ 7-ով ավելի, քան 2016-ի ապրիլին: Տուժել է մեկ մարդ: Փլվել են շենքեր, շինություններ, ճանապարհներ: Հայտնի է միայն մեկ փլուզման պատճառը՝ գետի վարարում: Մնացած 12 դեպքը դեռ ուսումնասիրվում է: Ամենաշատ փլուզումներ եղել են Երևանում և Սյունիքում՝ 4-ական: Շիրակում գրանցվել է 2 փլուզում, Գեղարքունիքում, Լոռիում, Վայոց ձորում՝ 1-ական, Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Տավուշում փլուզումներ չեն եղել:

 

Այլ դեպքեր

Գրանցվել է մեկ պայթյուն, մեկ սողանք, վայրի կենդանիների մեկ հարձակում, մեկ անասնահամաճարակ, երկու հեղեղում, երկու քարաթափում, օդերևութաբանական վտանգավոր 12 երևույթ (ձնաբուք, մերկասառույց, ուժեղ քամի) և այլն: