Գլխավոր Նորություններ ԱՊԱՀՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ԱՊԱՀՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ

784
Տարածել

Տավուշի սահմանամերձ համայնքներում կառուցվում են ապահով տարածքներ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միայն անցած տարի Բաղանիսում, Ոսկեվանում և ևս 11 համայնքներում 16 ապահով տարածքներ է կառուցել: Դրանք ապահովված են լուսավորությամբ, խմելու ջրով, առաջին օգնության պարագաներով: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով՝ մի քանի անգամ փորձնական վարժանք-պարապմունքներ են անցկացվել, որպեսզի աշակերտներն ու ուսուցիչները՝ ընդհանուր թվով 132 հոգի, տագնապի դեպքում պատսպարվելու հնարավորություն ունենան: Ապահով տարածքից օգտվելու անհրաժեշտություն, բարեբախտաբար, դեռ չի զգացվել, քանի որ գնդակոծություններ հիմնականում լինում են երեկոյան ժամերին: Բաղանիսում նաև մանկապարտեզ է կառուցվելու, որը կունենա նաև ապաստարան:   «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրամադրած շինանյութով փակվել են դեպի սահման նայող մոտ 50-ից ավելի տան լուսամուտներ»,- ասաց գյուղապետը:

Շուտով կավարտվի նաև սահմանամերձ Կոթիի ապահով տարածքի կառուցումը:  Ապահով տարածքներ կառուցելիս՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղական չափորոշիչների համապատասխանեցման հարցում համագործակցում է ԱԻՆ-ի հետ: ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու փոխանցմամբ՝ ապահով տարածքների կառուցման ծրագիրը շարունակական է լինելու և ընթացիկ տարում սահմանամերձ այլ բնակավայրերում նույնպես կիրականացվեն քաղպաշտպանական միջոցառումներ;

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ