Գլխավոր Նորություններ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

1131
Տարածել

Կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման ծրագրեր

Տարեսկզբին տեղեկացրել ենք, որ Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղպաշտպանության գլխավոր վարչության հովանավորությամբ  «Օքսեջեն» հիմնադրամը «Աջակցություն Հվ. Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրով Տավուշի մարզում իրականացնում է աղետների ռիսկի նվազեցման նախաձեռնություններ («Ազդարարման միասնական համակարգը շարունակում է զարգանալ». «911.Արտակարգ թերթ» համար 2, 20 հունվար, 2017): Այս ամիս ծրագիրն ավարտվում է:

«Օքսեջեն» հիմնադրամի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արսեն Սիմոնյանից տեղեկացանք, որ 2016-ի ապրիլ-2017 հունիս հատվածում ծրագրեր են իրականացվել Տավուշի Իջևան, Դիլիջան, Դիտավան, Աչաջուր, Պռղավան, Սևքար, Ծաղկավան, Հաղթանակ, Ենոքավան, Սարիգյուղ, Լճկաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Կողբ, Այգեհովիտ, Ակնաղբյուր, Հովք, Գոշ համայնքներում: Համայնքների խոշորացման արդյունքում այս գյուղերից որոշները միացել են, սակայն ծրագրերը շարունակվել են ամբողջ ծավալով: Ծախսվել է մոտ 100 մլն դրամ, որում իրենց փոքրիկ մասն են ունեցել շահառու համայնքները:

28 դպրոցում տեղադրվել է լուսաձայնային ազդարարման համակարգ: Ազդարարման համակարգերի մի մասն արդեն միացած է ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնին: Յուրաքանչյուրը մոտ 1 մլն դրամով միտիգային՝ մեղմացման ծրագրեր են արվել՝ Դիտավանում վնասված կապրոնե ջրագծի փոխարինում առավել հուսալի մետաղական ջրագծով և այլն: Մեղմացման ծրագրերը նաև մոդելներ են, որ հետագայում կարող է կիրառել դիմակայունության բարձրացման ոլորտում ծրագրեր նախաձեռնող ցանկացած կազմակերպություն:

«Աջակցություն Հվ. Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրով կազմակերպվել են իրազեկման, կարողությունների զարգացման դասընթացներ «Արտակարգ իրավիճակներում գործելու անվտանգության վարքականոններ», «Աղետների ռիսկի նվազեցում և կլիմայի փոփոխության հարմարվողականություն», «Բնական խոչընդոտների հաղթահարում», «Ընտանիքի անվտանգության և տարհանման պլանների մշակում» թեմաներով, տարհանման վարժանքներ և մրցույթ դասընթացներին մասնակցած աշակերտների և ուսուցիչների համար: «Մրցույթի նպատակը լավ սովորելը խթանելն էր, իրականացվող ծրագրերի կարևորությունն ընդգծելը: Բոլոր մասնակիցներն էլ խրախուսական նվերներ են ստացել»,- տեղեկացրեց Արսեն Սիմոնյանը:

Ազգային, համայնքային կառույցների, տարբեր հաստատությունների դիմակայունությունը բարձրացնելու ոլորտում բացի «Օքսեջեն» հիմնադրամից ծրագրեր են իրականացնում նաև ոչ պետական այլ կազմակերպություններ. Save the children, «Հայկական կարմիր խաչ», ԱՌՆԱՊ հիմնադրամ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակներ: Բոլոր ծրագրերում ներգրավված են ԱԻՆ տարբեր ստորաբաժանումները, այդ թվում՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Վերը նշված կազմակերպությունների և ՃԿՊԱ մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է իրազեկվածության բարձրացման երեք տեսահոլովակ՝  անվտանգության մշակույթի խթանում և զարգացում ընտանիքում, դպրոցում, համայնքում: Սկզբի համար դրանք կցուցադրվեն Տավուշում:

 

Լուսանկարները՝

«Օքսեջեն» հիմնադրամի

 

Հ.Գ. «Աջակցություն Հվ. Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագրով հիմնվել է «Տավուշի դիմակայունության ֆորում»: Հունիսի 2-ին Տավուշում կազմակերպվելու է ֆորումի երրորդ հանդիպումը: Առաջին երկուսում քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրն ու զարգացման ռազմավարության բաղադրիչները՝ դիմակայունության տրամաբանության մեջ: Երրորդ հանդիպմանը կմասնակցեն փորձագետներ նաև դրսից՝ Հունգարիա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան: Կքննարկվեն ծրագրի արդյունքները՝  տեղական մակարդակում ռիսկերի կառավարման, աղետների ռիսկի կառավարման և այլ ոլորտներում:

«Տավուշի դիմակայունության ֆորումի» մասին առավել մանրամասն՝ մեր թերթի հաջորդ համարում: