Գլխավոր Միջոցառումներ ԴԻՊԵԿՈ ծրագիրն ավարտվեց, համագործակցությունը կշարունակվի (լուսանկարներ)

ԴԻՊԵԿՈ ծրագիրն ավարտվեց, համագործակցությունը կշարունակվի (լուսանկարներ)

666
Տարածել

Այսօր Երեւանում ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանի, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիու մասնակցությամբ հայտարարվեց Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինության ֆինանսավորմամբ իրականացված «Աղետների ռիսկի նվազեցում եւ դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» (DIPECHO)՝ ԴԻՊԵԿՈ ծրագրի ավարտի եւ արդյունքների ամփոփման մասին: Ծրագիրը մեկնարկել էր 2010 թվականին: 2010-2018 հատվածում այս ծրագրով բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվել:

«Ծրագիրն ավարտվում է, բայց մեր համագործակցությունը՝ ոչ: Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին: Եվրոպական միությունը վերջին 25 տարում Հայաստանում 50 միլիոն եվրո է ներդրել տարերային աղետներին արձագանքման ոլորտում եւ մենք կշարունակենք այս հարցում աջակցությունը»,- հայտարարեց դեսպան Սվիտալսկին: Հայաստանում բարի ավանդույթ եւ մշակույթ է դարձել աղետների ռիսկի կառավարման ոլորտում ջանքերի մեկտեղումը, արձանագրեց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը: «Այս ծրագրերի արդյունքում Հայաստանը դարձել է աշխարհում տեսանելի աղետների ռիսկի կառտավարման ոլորտում եւ շատը երկրներ ընդօրինակում են Հայաստանի փորձը»,- նկատեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը:

Կյանքի կոչված բոլոր ծրագրերը եղել են «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի» եւ Հայաստանում ընդունված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» տրամաբանության մեջ՝ աղետակայուն հասարակություն եւ անվտանգության մշակույթ ունենալու նպատակով: Ութ տարում հինգ փուլով իրակացված ԴԻՊԵԿՈ ծրագրով տարբեր աշխատանքներ է իրականացրել տեղական եւ միջազգային 16 կազմակերպություն. Արտակարգ իրավիճակների նախարարություն (տարբեր ստորաբաժանումներ՝ մարզային փրկարարական վարչություններ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա), «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր՝ UNDP, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ` UNICEF, Հայկական Կարմիր խաչի ընկերություն, «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ եւ այլն: Ու բնական է, որ ծրագրի ամփոփմանը ներկա էին այս կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք էլ ներկայացրեցին արդյունքները, ձեռքբերումները, հաջողությունները: Իսկ դրանք քիչ չեն: Մասնավորաբար. Հայաստանի մարզերում ստեղծվել են ԱՌՆ թիմեր, ավել քան 200 համայնքում՝ ԱՌՆ համայնքային թիմեր, կամավոր փրկարարական թիմեր: Այս թիմերի անձնակազմերի կարողությունների զարգացման ծրագրեր են արվել՝ դասեր, վարժանքներ, դիմակայունության ֆորումներ: Թիմերը խորհրդատվական կառույցներ են եւ մարզային եւ տեղական իշխանություններին՝ որոշում ընդունողներին, պիտի օգնեն զարգացման ծրագրերում ներառել նաեւ ԱՌՆ բաղադրիչը: Սրա արդյունքում Հայաստանում ԱՌՆ ոլորտում ծրագրեր իրականացնողները «խոսում են մեկ լեզվով»: Հայաստանի 25 համայնք միացել է «Դարձնենք քաղաքները դիմակայուն» միջազգային արշավին, 2015 թվականին Ստեփանավանը ճանաչվել է դիմակայուն քաղաքի օրիկնակելի մոդել: Մշակվել է տեղական մակարդակում ռիսկերի կառավարման գործիքակազմը, գնահատվել է տեղական իշխանություններ ԱՌՆ կարողությունը: Բազմաթիվ համայնքներում ԱՌՆ տրամաբանության մեջ շինարարական ծրագրեր են արվել՝ կամուրջների, սելավատարերի նորոգում եւ այլն, տեղադրվել են վաղ ազդարարման համակարգեր: Իրականացվել է կրթական բազմաթիվ ծրագրեր ներառելով կրթության բոլոր մակարդակների հաստատությունները՝ նախադպրոցականից մինչեւ բուհ: Մշակվել է ուսուցողական 36 ձեռնարկ՝ բոլոր տարիքային խմբերի համար, նաեւ՝ տեսանյութեր, առցանց խաղեր, Ստեղծվել է «Դիմակայունություն» առցանց գրադարան:

Կրթական, ուսուցողական ծրագրերը մշակվել են ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներգրավմամբ: Մշակված գրականությունն ու նյութը դարձել են ակադեմիայի կրթական եւ վերապատրաստման ծրագրերի բաղադրիչներ ապահովելով ԴԻՊԵԿՈ-ի շրջանակներում արվածի շարունակականությունը: Կարեւորը գիտելիքն է, եթե գիտելիք եւ կարողություն չունես, ներդրված գումարներն արդյունք չեն տա՝ կփոշիանան, վստահ է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. 911tert.am-ը մշտապես անդրադարձել է ԴԻՊԵԿՈ ծրագրին: Ահա որոշ նյութեր

 

Անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ առաջին դասընթացը

Լոռիում եւ Սյունիքում ստեղծվում են «Երիտասարդական նորարարական եւ դիմակայուն կենտրոններ»

Աղետների ռիսկի կառավարման եւս մեկ գործիք