Գլխավոր Նորություններ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ 

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ 

886
Տարածել

Մայիսի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրել են աջակցության վերաբերյալ պայմանագիր, ըստ որի՝ Ucom-ն արդիականացված երկքարտանի մոդեմներ կտրամադրի բջջային կապով աշխատող հակակարկտային կայաններին:

Այն հնարավորություն կտա կրճատել տեխնիկական թերությունները և կապահովագրի համակարգը նախկինում արձանագրված խափանումներից: Այդ նպատակով Ucom-ը ներդրել է 15 մլն դրամ: Մոդեմները կտեղադրվեն կարկտահարության հնարավոր վտանգ պարունակող համայնքներում գործող կայաններում: «Դեռ 5 տարի առաջ սկսված քննարկումներն այսօր տեսանելի արդյունք են տվել: Հակակարկտային կայանների արդիականացման արդյունքում համակարգի խափանման հավանականությունը գրեթե չեզոքացվում է՝ բարձրացնելով բնական աղետներին գյուղական տնտեսությունների դիմակայունության մակարդակը:  Շնորհակալ ենք մեր համակարգի հետ ճիշտ և արդյունավետ համագործակցության համար»,- ասել է նախարար Դավիթ Տոնոյանը:

Կարևորելով համագործակցության կարևորությունը՝ Հայկ Եսայանը նշել է. «Մեծ պատրաստակամությամբ ենք մասնակցել քննարկումներին, որոնց արդյունքում խոստացել էինք միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը խոչընդոտող օդերևութաբանական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այժմ ուրախությամբ փաստում ենք, որ այս ներդրման արդյունքում արդիականացված՝ 3G մոդեմները թույլ կտան առավել արագ արձագանքել և կանխել հնարավոր աղետը»:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանի խոսքով՝ նոր մոդեմները լուրջ խնդիրների լուծման հնարավորություն են. «Այսպիսով՝ մեկ կապի աշխատանքի ուշացման կամ խափանման պարագայում հնարավոր է գործի դնել մյուսը և ժամանակին ուղարկել SMS-ները, որոնց օգնությամբ գործարկվում են հակակարկտային կայանները: Սա վկայում է, որ կրկնակի նվազում են կայանների խափանման ռիսկերը»,- վստահեցրել է Լևոն Վարդանյանը:

Կարևորելով հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման գործընթացը՝ կողմերը նշեցին հետագա համագործակցության այլ վեկտորներ ևս, որոնք ուղղված կլինեն բնակչության դիմկայունության մակարդակի բարձրացմանը:

Նշենք, որ մեր երկրի տարածքում տարբեր տարիների գրանցվել են կարկտահարության դեպքեր, որոնք մեծ չափերի վնասներ են հասցրել ինչպես գյուղատնտեսությանը, այնպես էլ՝ բնակչությանը:

Նման դեպքերում շատ հաճախ ժամանակին չի գործել հակակարկտային կայանը, քանի որ խափանված է եղել բջջային օպերատորի կապը:

Վերը նշված՝ ՀՀ ԱԻՆ և Ucom ընկերության միջև ստորագրված պայմանագիրը հնարավորություն կտա առավելագույնս բացառել նման դեպքերը: