Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐՈՎ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐՈՎ

860
Տարածել

Կրկին մայիսի 9-ն է՝ 300 հազար հայի արյամբ դրոշմված հաղթության օրը։ Սրտի անհանգիստ թրթիռով քայլերս ուղղում եմ դեպի «Հաղթանակ» զբոսայգի, ուր այս մեկ օրը համերաշխորեն հատվում են ժամանակի երեք միավորները՝ անցյալը, ներկան, ապագան։ Ափսոս, արցունքաչ և դողդոջուն ձեռքերով ծափեր շռայլող վետերաններից շատերը բացակա են։ Փոխարենը բեմահարթակին և մարտական մեքենաների վրա ապրեցնող ներկան է՝ չարաճճի ու անհոգ…

Հոր՝ Արամ Պետրոսյանի լուսանկարը կրծքին՝ 66-ամյա Լուսյա տատը հուշաքարի վրա Հայրենական պատերազմում զոհվածների անուններն է կարդում։ «Հայրս նշանառու էր, 1941-ին կռվել է Լենինգրադում, գլխին հրազենային վնասվածք ստացել և որպես գերի՝ տեղափոխվել Նորվեգիա։

Այնտեղ սևագործ բանվոր էր աշխատում։ Եղել է նաև Ֆինլանդիայում և Գերմանիայում, մեկ անգամ անհաջող փախուստի  դիմել Քիթսենգեն քաղաքի համակենտրոնացման ճամբարից։ Ազատ է արձակվել 1945-ի մայիսի 4-ին՝ ամերիկյան զորքերի շնորհիվ»,- պատմում է կինը։

Որոշ ժամանակ ղեկավարել է ԽՍՀՄ քաղաքացիների հայրենադարձության հարցերի բաժինը, իսկ 1954-ին՝ մահացել դժբախտ պատահարից։ Դեռ 1922-ից տարածաշրջանային տարբեր մարտերում աչքի ընկած զինվորականն այդպես էլ շքանշանների չի արժանացել։

Պսկովում բնակվող Պետրոսյանների ընտանիքը պատերազմի սկզբին Բաքու էր գաղթել։ Լուսյա տատը վերհիշում է մեծ եղբոր՝ Վանյայի պատմածը, թե ինչպես էին ֆաշիստները գնդակոծում իրենց գնացքը, իսկ նրանցից մեկը հատուկ նշանառության տակ էր առել երեխաներին…

«Այդպես էլ Բաքվում տուն ու տեղ չդրեցինք, 1989-ին ստիպված եղանք փախչել բոլորի նման։ Հորս ժառանգներն այսօր աշխարհի տարբեր ծայրերում են, սակայն Հաղթանակի օրը բոլորը միավորվում են՝ ի հիշատակ նրա»։

Ժամանակս անսպառ չէ, այլապես կարելի է անվերջ սղագրել պատերազմի ու խաղաղության շունչն առած այս պատմությունները։ Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն է։ ԱԻՆ փողային նվագախումբը հնչեցնում է Չերնեցկու «Բուդապեշտ» մարշը։ Տոնի կապակցությամբ երաժշտացանկը համալրվել է նոր ստեղծագործություններով՝ «Հայրենիքի զինվորը», «Կարոյի պարը» և այլն։ Փ/ծ գնդապետ, մաեստրո Մանվել Ութուջյանը հպարտանում է՝ 7 տարի շարունակ նվագախմբի տղաները տարբեր ձևաչափերով մասնակցել են բոլոր տոնակատարություններին։

Խմբավարի ընտանիքում նույնպես հերոսներ են եղել, որոնց մասին միշտ ակնածանքով է խոսում. «Մեծ քեռիս պատերազմի մասնակից էր, պետական շքանշանակիր։ Բազմիցս փրկվել էր գնդակոծումից։ Մյուսը Ստալինգրադի մարտերում էր կռվել. մինչև կյանքի վերջը զգում էր ցրտահարված ոտքերի ցավը։ Պատերազմում հայերը թվով ամենաքիչն են եղել, սակայն միշտ աչքի են ընկել իրենց խիզախությամբ։ 600 տարի առանց հայրենիք ապրող ժողովուրդը գիտի հաղթանակի գինը։ Արդյունքում այսօր մենք հզորագույն բանակներից մեկն ունենք»։

Մինչ ներկաները կլանված են խրոխտ երաժշտությամբ, փոքրիկներն անթաքույց հետաքրքրությամբ զննում են  «911» տարբերանշանով մոտոցիկլները։ Փրկարարը գիրկն է առնում նրանցից ամենահամառին և ցույց տալիս ձայնային ազդանշանի կոճակը։ Օրվա լավագույն դրվագն է։

Աբովյան փողոցն այսօր սովորականից մարդաշատ է։ Արտասահմանցի հյուրերը, պաղպաղակը ձեռքներին, շտապում են տեղավորվել դատարկ նստարաններին։ Նինան և Յուլիան Սանկտ Պետերբուրգից են, հյուր են եկել իրենց հայ ընկերներին։ Երիտասարդները հասցրել են մի քանի օրում Կապանից մինչև Գյումրի շրջել։ Առանձնապես տպավորված են հայկական հյուրասիրությամբ։ «Անցած տարի Բաքվում էինք, տեղացիներն այդքան էլ բարեհամբույր չեն զբոսաշրջիկների հանդեպ։ Հայաստանում ցանկացած անցորդ, քարտեզը ձեռքիդ տեսնելով, կանգ է առնում և օգնություն առաջարկում»,- ասում են աղջիկները։

Ութամյա Սաշան կեչիների փոշոտումից ալերգիա ունի։ Մայրը՝ Դարյան, որդու անվտանգության համար նախընտրել է մայիսյան տոները Երևանում անցկացնել։ «Մոսկվայում Հաղթանակի օրն ավելի շքեղ են նշում»,- բողոքում է տղան։ Մայրը ներողամտորեն բացատրում է, որ պարզապես Մոսկվան եռակի խիտ է բնակեցված, քան՝ Հայաստանը։ Ընտանիքն ամենաշատը Գեղարդավանքն ու հայկական թարմ ուտեստներն է հավանել։ Դեռ չմեկնած՝ արդեն վերադարձի մասին են մտածում՝ նշում է Դարյան։

Ժամը 12:45 րոպե է։ Փուչիկներով բեռնված տասնյակ փրկարարական մեքենաներ Հանրապետության հրապարակի շուրջն են պտտվում։ Շարքում կանգնած փոքրիկ զինվորները սպասում են՝ շունչները պահած։ Յոթամյա Արտյոմն ուսն է առել խաղալիք հրացանը։ Գիտի բոլոր հայտնի ազգագրական երգերը։ Մոր խոսքով՝ հատկապես Անկախության տոնին, դեռ լույսը չբացված, շտապում է զինտեխնիկայի շքերթի ժամանակ ամենալավ դիտակետը զբաղեցնել։ «Այս տարիքում երեխաները շատ հայրենասեր են. տեղյակ են Հայրենական և Արցախյան պատերազմներից, Շուշիի ազատագրումից, ապրիլյան դեպքերից։ Շատ գովելի է դպրոցի տված ռազմահայրենասիրական դաստիարակությունը»,- նկատում է կինը։

Չորսամյա Մարտիկ Ղազարյանն ակնդետ հրշեջ-փրկարարական մեքենաների ընթացքին է հետևում։ Եկել է ոգևորելու փրկարար հորը, որը ջոկատում վարորդ է աշխատում։

Կառավարության շենքի գրեթե 80 տարեկան ժամացույցի սլաքները վերջապես ազդարարում են ժամը 13-ը: Հարյուրավոր գույնզգույն փուչիկներ երկինք են բարձրանում։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը հավելում է՝ նման նորամուծությամբ ցանկացել են ժողովրդին ցույց տալ, որ փրկարարները ևս կիսում են այս մեծ ուրախությունը։ Բոլոր մարզերում  առավոտից հրշեջ մեքենաներ են շրջել, շնորհավորել տեղացիներին, փուչիկներ բաժանել։

 

 

Հ.Գ. Արևից աչքերս կկոցած՝ հետևում եմ ամպերում անհետացող փուչիկներին։  Հիրավի, խաղաղությունը բարձրագույն արժեք է…