Գլխավոր Նորություններ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

810
Տարածել

911.Արտակարգ թերթի» 2016 թվականի նոյեմբերի 4-ի 41-րդ համարում տեղեկացրել ենք, որ 2017 թվականին ՀՀ պետական բյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվելու է մոտ 11 մլրդ դրամ: Ծախսերի ուղղությունները. փրկարարական համակարգի կատարելագործում և զարգացում, փրկարար ծառայողների մասնագիտական և հատուկ պատրաստականության բարձրացում, արագ արձագանքման փրկարար ուժերի պատրաստականության բարձրացում և տեխնիկական հագեցվածության ապահովում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի «911» ծառայության զարգացում և այլն:

Բացի պետական հատկացումներից՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարբեր պետությունների և միջազգային կառույցների հետ համատեղ, ծրագրեր է կյանքի կոչում:

  1. Ճապոնիայի կառավարությունը 200 մլն իեն՝ մոտ 800 մլն դրամ, ընդհանուր արժեքով սարքավորումներ և տեխնիկա կնվիրի Հայաստանին: Սրա մեջ է հրշեջ 41 մեքենա, որ կտրամադրվի Սյունիքի, Լոռու, Շիրակի փրկարարներին:
  2. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սողանքային աղետի կառավարում» ծրագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կստանա մոտ 65 մլն դրամի գույք և սարքավորումներ:
  3. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) օգնությամբ իրականացվող «Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրով 193 000 դոլարով Կապան, Դիլիջան և Ստեփանավան քաղաքներում կիրականացվեն հետևյալ քայլերը. համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գիտական գնահատում և մոդելավորում, համայնքային մակարդակում ուսումնական վարժանքներ՝ արտակարգ իրավիճակների ժամանակ համայնքի տարբեր ծառայությունների պատրաստվածության ստուգման նպատակով, ազդարարման համակարգի տեղադրում:
  4. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի համատեղ ծրագրով 100 000 դոլար կծախսվի մի շարք գյուղերում կարկտահարությունների բացասական սոցիալական հետևանքները մեղմելու՝ հակակարկտային ցանցեր տեղադրելու նպատակով:
  5. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հատկացրած 99 000 դոլար գումարով աջակցություն կցուցաբերվի համայնքային զարգացման պլանավորման գործողություններին՝ շեշտը դնելով դպրոցներում երեխաների անվտանգության և երեխայազգայուն գործիքները իշխանություններին հասանելի և կիրառելի դարձնելու վրա:
  6. ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի տրամադրած ավելի քան 400 000 դոլարով նորոգվել են ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինություններ, ձեռք է բերվել հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումներ:
  7. Եվրամիության քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (CBRN) գերազանցությունների կենտրոնի տրամադրած 230 000 դոլարով Հայաստանի համար կգնվեն գույք և սարքեր՝ անհատական պաշտպանության միջոցներից մինչև ճառագայթային, քիմիական, կենսաբանական ազդակների հայտնաբերման ժամանակակից սարքեր, և Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում կստեղծվեն ճառագայթային, քիմիական, կենսաբանական արձագանքման խմբեր:
  8. Ֆրանսիայի Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (CEA-DASE) տրամադրած 110 000 եվրո գումարով Հայաստանի համար կգնվեն 6 հատ նոր, անգլիական արտադրության Guralp 3T սեյսմոմետր և 6 հատ էլ նույն ֆիրմայի արտադրության՝ գրունտի ուժեղ շարժումները գրանցող սարք:

Միջազգային կառույցների և այլ պետությունների օգնությամբ իրականացվող ծրագրերը ոգևորել են տեղացի պաշտոնյաներին: Սյունիքի մարզպետը խոստացել է «Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացում» ծրագրով տեղադրվող ազդարարման համակարգի ձևավորմանը օգնել և 14 գյուղի համար 22 վերջակետային սարքավորում գնել՝ մոտ 54 000 դոլար: Լոռու մարզպետն էլ խոստացել է չորս գյուղի համար 8 վերջակետային սարքավորում գնել՝ մոտ 20 000 դոլար: Երևանի քաղաքապետարանն էլ 15 մլն դրամ կհատկացնի Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման ու պահպանման համար:

Ամփոփենք. բացի ՀՀ պետբյուջեից հատկացված 11 մլրդ դրամից՝ ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներում կծախսվի ևս 1,6 մլրդ դրամ, որից ավելի քան 1 մլդը միջազգային օգնություն է: